Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ ծանր որոշում է կայացրել և փաստաթղթի տակ ստորագրել, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին:

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։

Նման մի հարձակում եղավ նաև կառավարական առանձնատների հարակից տարածքում, ականատեսների խոսքով՝ հենց այդ հատվածում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից։

Ոչ հեռու գտնվող Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ: Նրանցից ոմանք էլ պատգամավորների սենյակներն էին հերթով տակնուվրա անում՝ բաժակներ կոտրելով, հագուստ պատռելով, փաստաթղթեր ցաքուցրիվ անելով, դարակները քրքրելով։ Սենյակներում ծխում ու ալկոհոլ էին օգտագործում: Ծեծի ենթարկված Արարատ Միրզոյանի գրասենյակը նույնպես այդ վիճակում էր։

Գիշերվա ընթացքում տեղի ունեցած անկարգություններին ֆեյսբուքյան գրառումներով և ուղիղ եթերներով անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ անկարգություններ անողները թիկունքից հարվածում են դիրքերում կանգնած զինվորականներին:

«Ինձ ասեցին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, էսպես ասած, հանցավոր խմբեր: Էդ էն մարդիկ են, ովքեր քսան տարի գողացել են զինվորից, ովքեր քսան տարի գողացել են բանակից, ովքեր քսան տարի հարկ չեն վճարել, էսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում: Բա էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում, Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չեն լսե՞լ», — ասաց Փաշինյանը:

«Ու ինչ-որ ստահակներ, ստահակնե՛ր, հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա ու իր երեխայի վրա: Ինչ-որ ստահակ, որը երևի վերջին երկու տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվում ա էդ մարդու վրա, ու մտածում ա մարսելու ա՞: Բացառված է», — շեշտեց վարչապետը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ երկու օր առաջ Շուշիի դիրքերից փախչել է գեներալի ուսադիրներով ընդդիմադիր քաղաքական գործիչ:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ Փաշինյանի անունից ֆեյսբուքյան էջում գրել է. — «Հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները չեն հաջողելու. բացառված է։ Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին։ Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների և իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։

«Էդ հանրապետական, էդ ԲՀԿ-ական թալանչիներին, էդ «Հայրենիք»-ի դասալիքին, որ դիրքը թողել փախել ա, դիրքը թողել փախել ա՝ դասալքության համար պետք ա դատվի», — իր հերթին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ֆեյսբուքում նաև գրել է. — «Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել և պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest