Դիմում-բաց նամակ ԱԺ Մարդու Իրավունքների հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանին

Հարգելի տիկին Զոհրաբյան, արդեն 40 օրից ավել է հարյուրավոր կալանավորների և  դատապարտյալների պես, նաև ես դիմել եմ ինձ ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա, իսկ իրավիճակ օր օրի ավելի օրհասական է դառնում:

Այս ծանր օրերին անխտիր բոլորն այս պատերազմն անվանում են հայրենական և հասկանում ու ընդունում են փաստը, որ հայի, հայոց աշխարհի լինել-չլինելու հարցն է դրված և ուրեմն պիտի օգտագործվի հնարավոր  և անհնար միջոցներն, այլապես պարտվողի խարանն ու թույլի հոգեբանությունը կժառանգենք մեր սերունդներին, որն արդեն 30 տարի կրում է Ադրբեջանը:

Ես ծառայել եմ 1994-1997 թվականներին, հայկական հաղթանակից անմիջապես հետո և մեկ տարուց ավել եղել եմ առաջնագծի հենակետում անփոփոխ, ես տեսել եմ կոտրված ադրբեջանցուն, երբ անգամ մոտենում էին իրենց հենակետին իրենք էին խնդրում, որ չկրակենք, վախն էր միայն իրենց աչքերում, ու դա մենք մեռնենք էլ պիտի թույլ չտանք, որ թեկուզ մեկ հայ ժառանգի: Հայի աչքերում պիտի միշտ հաղթանակի բոցը ճառագի:

Հարգելի տիկին Զոհրաբյան, Դուք գիտեք իմ կալանավայրում հայտնվելու պատմությունը, թե ինչ անմարդկային տանջանքների ու զրկանքների միջով եմ անցել արդեն 25 տարի, սակայն այդ ամենն իմ համար ոչինչ են, համեմատած այս օրերի հետ, ես այդ մասին գրել եմ նաև ՀՀ Վարչապետին, որ սա արդեն ոչ թե կալանք, այլ ամենադաժան խոշտանգումն է, երբ մենք հայի արյան տենչող թշնամուց ավելի հեռու և ապահով վայրում ենք, քան մեր երեխաները՝ զինվորները, Արցախի կանայք ու երեխաները, այդ միտքն անգամ խելագարության է հասցնում:

Հարգելի տ.Զոհրաբյան, մեծագույն խնդրանքով դիմում եմ Ձեզ, բոլոր հայրենասեր ուժերին և անհատներին, որ եթե այլ տարբերակներ չկան, ապա գոնե երաշխավորագրով դիմեք ՀՀ Դատախազությանը, որպեսզի փոխեն խափանման միջոցն ու ուղիղ Արցախ ուղարկեն ինձ և իմ պես շատ տղաների, ովքեր գիտակցում են ինչ է պատերազմն ու իրենց առաքելությունն այդ պատերազմուն:

Այժմ փաստարկեմ իմ այս խնդրանքը. Նախ մենք չենք խնդրում ազատել, այլ խափանման միջոցը փոխել՝ հստակ դրված պարտականությամբ, որի խախտման դեպքում կվերադարձվենք կալանավայր և կզրկվենք պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից:

Չենք ասում, որ մեզ սանատորյա ուղարկեք, որ այդպես զանգվածաբար մերժում եք, այլ ուղարկեք առաջնագիծ, չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն ռազմի դաշտն ավելի ապահով և տաքուկ տեղ է, քան կալանավայրը:

Օրենք խախտած կամ ինչ-ինչ պատվերով, տարբեր հանգամանքներում դատապարտված մարդը նույնպես հայ է և իր մեջ հայրենասիրություն կրողն է, ինչպես շատ շատերը, որ օրենքի հանդեպ անբասիր են, սակայն այսօր ծակ ու պատճառ են ման գալիս պատերազմի դաշտից թաքնվելու:

Մինչև պատերազմի ավարտն ով իր ոտքը Արցախից դուրս դրեց, հրապարակային կվերադարձվի կալանավայր՝ պախարակելով իր անունը:

Հայրենիքի համար մարդու մոտ ավելի արժեքավոր արժեհամակարգ և աշխարհահայացք կարող է ձևավորվել, քան դա կարող են անել ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանները և իր երկրի համար կենաց մահու կռիվ տվող մարդն ավելի կարժևորի իր երկիրն և հետագայում չի գնա հանցագործությունների:

Դատապարտյալը չի զնա և չի հանձնվի թշնամուն, չեմ կարծում, որ այդքան մարդիկ անուղեղ կլինեն, որ մտածեն՝ Հայաստանն բանտը  փոխել ադրբեջանական բանտի հետ: Հացագործության չի գնա, այլ հակառակը՝իր վարքով ցույց կտա և կապացուցի, որ ինքը հասարակության կույրաղիքը չէ, այլ արժանապատիվ հայ է՝ իր ժողովրդի զավակը:

Եվ ի վերջո, այս պահին Արցախում մարտնչող 18-20 տարեկան հայորդիներն աշխարհի ամենաուժեղ տղերքն են և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտածել, որ ով էլ ուզում է լինի, գնա իրենց մոտ, իրեն հայի պես չդրսևորելու պարագայում տեղ կունենա տղաների կողքին:

Դիմում են նաև ՀՀ Գլխավոր դատախազին, ամեն դատապարտյալի դիմումը մերժելուց հետո ՀՀ դատախազության մի աշխատակցի գործուղեք առաջնագիծ, պատերազմի դաշտում չպիտի զինվոր պառկի:

Մենք Արցախում մարտնչող ամեն մի զինվորի, զենքը ձեռքին կանգնած ամենահզոր ու ուժեղ հայրենիքի պաշտպանի կյանքը գերադասում ենք մեր կյանքից և չենք պարտադրում, որ դուք էլ գերադասեք Ձեր կյանքից, այլ գոնե ձեզ մի դրեք մարդկանց կյանքը տնօրինողի փոխարեն, երբ Հայրենիքի ճակատագիրն է որոշվում ամեն մի զինվորով, կամավորով: Եվ ի վերջո, եթե այդքան վատն եք համարում մեզ, չենք ասում Ձեր տուն հրավիրեք, այլ ուղարկեք կրարկի բերան՝ Արցախում թափվող արկերի բերան:

Ամեն ժամը Հայրենքիս համար կյանքի գին ունի, այդ պատերազմի պատճառով ավելի

ծավալուն չեմ գրում և ամենավերջում ուզում եմ միայն նշել, որ վաղը մեր երեխաները, մեր ընկերները, ամեն մի հայ մարդ, ողջ մարդկությունը և ի վերջո պատմությունը մեզանից յուրաքանչյուրին հարց են տալու, արդյո՞ք ամեն մեկս մեզանից կախված հնարավոր և անհնար ամեն ինչն արել ենք հաղթանակի համար, թե՞ ոչ:

Եվ ես ուզում եմ, որ մենք այդ հարցին պատասխանենք այսօր, ամեն Աստծո օր, մինչ պատերազմն ավարտվի:

Խորին հարգանքներս և Աստված Պահապան Հայրենիքիս ու ազգիս:

Հարգանքներով՝  Ա.Հ. ՄԿրտչյան

9 նոյեմբերի, 2020թ.

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest