Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, երեկ ամբողջ գիշեր և այսօր օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, որոնք եղել են բավականին ինտենսիվ։

«Նախ՝ հյուսիսում թշնամու զորքերը, հիմնականում փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել։

Մարտունու ուղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերը։ Հակառակորդը կրել է զգալի կորուստներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Շուշիում և շրջակա հարակից տարածքում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են Շուշի, մարտերն ամբողջ օրվա ընթացքում եղել են սաստիկ։

«Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը բավականին թուլացած է։ Այսօր սաստիկ մարտեր են եղել նաև Բերձորի ուղղությամբ։ Թշնամու ուժերը փորձել են մի քանի անգամ ճեղքել և դուրս գալ Բերձոր, հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս պահին մարտերը շարունակվում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական, մեր զորքերը շարունակում են թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերը ընթացքի մեջ են։

«Գիշերային ժամերին, արդեն երրորդ-չորորդ օրն է, Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest