Հակառակորդին հաջողվել է մոտենալ Շուշիին. նոյեմբերի 7-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ մարտական գործողություններն ընթանում են Շուշիի մերձակայքում ու ճանապարհներին։ 

«Ես երեկ ասացի, որ պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդը մեծ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշին գրավելու իր պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է, հասցնելով մեծ վնասներ, որ Շուշին մնա կանգուն»,- մանրամասնեց Հովհաննիսյանն ու շեշտեց՝ մարտեր են նաև Քարինտակի ու Լիսագորի հատվածներում։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝  Հակառակորդը Մարտունիի ուղղությամբ ևս հարձակում է ձեռնարկել, սակայն կորցնելով մի քանի զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր։ 

Անդրադառնալով Բերձորում իրավիճակին, Հովհաննիսյանը նշեց. «Բարձորից հարավ փորձել են առաջ գալ, կորուստներ են կրել, մեր ստորաբաժանուներին հաջողվել է նույնիսկ բարելավումներ ունենալ»։ 

Հովհաննիսյանը կոչ է անում հավատալ զինվորականներին և այդպիսով բարձր պահել նրանց մարտունակությունը. «Երբ այս ծանր մարտերը ընթանում են, ու հայ զորականը պայքարում է մինչև վերջ, մեր բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, ու տեղին չեն այլ դիտարկումները՝ նահանջի, տարհանման մասին խոսակցությունները։ Մեր գոյության պայքարն է, մեր կորուստները, նահանջները չպետք է մեզ կոտրեն, որովհետև մենք մեր տունն ենք պահում»,- ասաց նա։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest