Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ Միշա Մելքումյանի մահը բռնի մահ է: Մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը:

Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը «ծիծաղելի» որակեց դրանք` ասելով.

«Դա իրենց գործելաոճն է, իրենք այդ նույն կերպ են փորձում ցանկացած փաստ ձևախեղված ներկայացնել»:

Վարդանյանը հայտնեց, որ ինքն անձամբ է հարցաքննել գերությունից վերադարձած տատիկին ու վստահեցնում է՝ ամեն ինչ շատ անկեղծ է ասվել: Հարցաքննությունն ամբողջությամբ ձայնագրվել է, ու, քննիչի խոսքով, կարող է ներկայացվել ցանկացած միջազգային ատյանի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները եւ արտահանձնվել մեկ քաղաքացիական անձ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձի` 84-ամյա Միշա Մելքումյանի ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը պարզվեց, որ Մելքումյանը մահացել է։

Pin It on Pinterest