ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների որոշման համաձայն, ամեն տարի նոյեմբերի առաջին հինգշաբթին նշվում է որպես Դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օր: 

Ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այսօր դպրոցում բռնության դեմ պայքարի մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է գիտակցել, թե ինչպիսի բռնություն է կիրառվում արցախցի երեխաների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:

«Տեսնում ենք, որ այդ սանձազերծած ագրեսիայի հետևանքով խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը: Նրանք հնարավորություն չունեն իրենց կրթության իրավունքն իրացնելու մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում: Դրանից բացի, մենք ուսումնական հաստատություններում ունենք զգալի ավերածություններ: Վերջին տվյալների համաձայն, շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալիորեն վնասվել են: Այն ենթակառուցվածքները, որոնք կրթության իրավունքի վերականգնման հնարավորություն են ընձեռում, լուրջ բարեկարգման անհրաժեշտություն ունեն»,- ասաց նախարարի տեղակալը:

Կրթության իրավունքի խախտման, և այս իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ-ի սահմանամերձ համայնքների սովորողները: Պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով: Շուրջ 10 հազար սովորողներ չկարողացան ուսումնական հաստատություններ հաճախել արդեն իսկ սեպտեմբերի 28-ից:

«Դրանից բացի, մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր Հայաստանում, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում: Մենք տեսնում ենք շարունակական թիրախավորում, բռնություն: Երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, ապա շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական այս դրությունը մեծապես վտանգում է նրանց իրավունքները: Այս շարունակական բռնությունը, կրթության իրավունքի ոտնահարման հետ մեկտեղ, դպրոցականների հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում: Այսօր ոտնահարված են երեխաների տարրական իրավունքները»,- ընդգծեց  Ժաննա Անդրեասյանը:

Pin It on Pinterest