Այսօր գիշեր բավականին թեժ է եղել Շուշիում, քաղաքի քաղաքացիական օբյեկտները բավական ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց՝ դրա հետանքով կան վիրավորներ և բավական մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում։

«Այս պահին մանրամասները ճշտվում են, դեռևս չենք կարողանում վերջնական թվեր, ծավալներ հստակեցնել։ Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում, բայց բարեբախատաբար մարդկային որևէ կորուստ ու վիրավոր այնտեղ չի արձանագրվել»,- ասաց նա։

Բեգլարյանը նշեց՝ մի շարք այլ գյուղական համայնքներ նույնպես թիրախավորվել են, բայց բարեբախտաբար, դարձյալ մարդկային կորուստներ չկան։

«Երեկ Ստեփանակերտ քաղաքը հերթական անգամ թիրախավորվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել։ Մեկ դեպք արձանագրվել է ծննդատան հարակից հատվածում՝ հանրային նշանակութան տարածքում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից հատվածում բնակելի տարածքում։ Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական  օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքների և նաև հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայտարարված այն համաձայնությանը, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու։ Սակայն սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական կողմը չի պահում հատկապես մարդասիրական միջազգային իրավունքի կանոնները  և նաև ուղղակի քաղաքական պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ»,- ասաց Բեգլարյանը։

Երեկ Ստեփանակերտից բացի այլ բնակավայրեր նույնպես թիրախավորվել են, այդ թվում՝ Շուշին, Մարտունին։ Եվ պետք է արձանագրել, որ այս հարձակումների մի մասը եղել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառելու տեսանկյունից։

«Եվ մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակների հետևանքով է արձանագրվել»,- հավելեց նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest