Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրել է, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է առնվազն 144 քաղաքացիական անձ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Մենք նաև որոշակի տեղեկություններ ունենք հատկապես այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կամ դիվերսիոն խմբերը մուտք են գործել։ Բայց քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, չենք կարողացել դեռևս մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները։ Ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված չեն, հաշվառված չեն վիճակագրության մեջ»,- ասաց նա։

Բեգլարյանը հավելեց, որ իրենց նախնական համեստ հաշվարկներով՝ ավելի քան 13 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել Արցախում, հիմնականում բնակարաններ, տներ։ Ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել։ Այդ թվում՝ 61 դպրոց ու 10 մանկապարտեզ է վնասվել։ Այդ դպրոցները ընդհանուր դպրոցների թվի 27 տոկոսն են կազմում։ Նաև 2100 շարժական գույք է վնասվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest