Շարունակում են ձեռք բերվել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենի խոսքով՝ ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։

Պաշտպանը նշում է՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ուստի, օմբուդսմենը հորդորում է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում են էջի օգտատիրոջը:

Պաշտպանի գրասենյակը հաղորդագրությանը կից հրապարակել է մի քանի ապացույց՝ նշելով, որ այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest