Ադրբեջանական զինված ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

 «Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: ՀՀ  ԱՀ ՄԻՊ քննությամբ, փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- արձանագրել է  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը.

ՄԻՊ-ն արձանագրել է առնվազն հետևյալը.

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,

4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով:

ՄԻՊ գրասենյակից Forrights-ին տեղեկացրին, որ ներկա պահին ուսումնասիրությունները դեռ շարունակվում են և հնարավորինս սեղմ ժամկետներում կավարտվեն։

«Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,-այս մասին հաղորդում են Մարդու իրավունքների պաշատպանի գրասենյակից։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր թվիթերյան միկրոբլոգում, անդրադառնալով ադրբեջանական կողմի արգելված զինտեսակի օգտագործմանն  ընդգծել է․ «Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք է, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում»,- գրել էր ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ըստ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի՝ արբեջանական կողմի նման արգելված զինտեխնիկայի կիրառման գերխնդիրը եղել ա այն, որ վնասի քաղաքացիական անձանց, քանի որ անտառներում՝ անօդաչու թռչող սարքերին անհասանելի տարածքում, բնականաբար պատսպարվել էին քաղաքացիները։

«Նաև նպատակ է հետապնդում խուճապ առաջացնել բնակչության շրջանում, ինչպես նաև պատսպարվելու պայմանները վերացնելու համար, որպեսզի այդ տարածքում չկարողանան պատսպարվել»,-Forrights-ի հետ զրույցում ասաց փորձագետը։

Արգելված զինտեխնիկայի կիրառման վերաբերյալ միջազգային հանրության այսպես ասած ոչ մի արձագանք մինչ օրս չի տվել։ Պատճառը կարծես թե մեկն է, Հայաստանը պետք է համապատասխան փաստեր ներկայացնի, որ դա հենց սպիտակ փոսֆոր էր․

«Պատերազմի սկսման օրից, կարելի է ասել միջազգային հանրությունը որդեգրել է լռությունը, թե կասետային ռումբերի օգտագործման, թե խաղաղ բնակչությանը թիրախավորելու, թե հիվանդանոցի ռմբագոծության, թե սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքում՝ մարդասիրական նորմերը խախտելով Ադրբեջանը չի արժանացել միջազգային հանրության որևէ արձագանքին»,-նկատեց Կարեն Հովհաննիսյանը, հավելելով, որ այս դեպքում էլ գոնե պետք էր մտահոգություն հայտներ, ինչպես, որ սովորաբար անում է․ «Այս դեպքում բացարձակ լռություն է։ Առաջին դեպքը չէ, որ արգելված զինտեխնիկա է կիրառվում և առաջին դեպքը չէ, որ թիրաքժխավորվում են խաղաղ բնակիչները»։

Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ Հայաստանը չէ, որ պետք է ապացուցի արգելված զենքի կիրառությունը, քանի որ Հայաստանը ներկա պահին փորձում է խաղաղ բնակչությանը պաշտպանել, ոչ թե զբաղվել ինչ որ ապացուցողական գործողությունների իրականացմանը․

«Հայաստանը արել է իր քայլերը, հրապարակել է ապացուցողական տեսանյութերը, հրկիզվող անտառները և այլ փաստեր, բայց միևնույն է՝ միջազգային հանրությունը գտնում է որոշակի պատրվակներ և պատճառներ իր վրայից բեռը գցելու համար»,-վստահեցրեց փորձագետը։

Սպիտակ ֆոսֆոր․ կիրառումն ու ազդեցությունը

2000-2016 թթ. սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքների կիրառությունն արձանագրվել է նվազագույնը յոթ ռազմական բախումների կետերում՝ Աֆղանստան, Գազայի հատված (Պաղեստին), Իրաք, Լիբանան, Սոմալի, Ուկրաինա և Եմեն։

 Ըստ  Human Right Watch-ի անկախ նրանից, թե ինչպես է օգտագործվում սպիտակ ֆոսֆորը, այն բնակելի տարածքներում սարսափելի և երկարատև վնասների պատճառ է դառնում

Սիրիայի հյուսիսում 2018 և 2019 թվականներին նույնպես արձանագրվել են ֆոսֆորային ռումբերի կիրառում Թուրքիայի կողմից՝ քրդերի դեմ։

Այդպիսի զենքի կիրառման դեպքում հրդեհներ են առաջանում։ Կրակը ոչ միայն ռազմական վնաս է հասցնում, այլև ստիպում է ուժերը շեղել այն մարելու ուղղությամբ, բարդացնում է տրանսպորտի շարժը, թունավոր գազեր է արձակում, որոնք դժվարացնում են շնչառությունը։

Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Այն կիրառվում է ցերեկվա ժամերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար, բայց անօրինական է դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ։ Արգելված է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:

Ֆոսֆորային զինամթերքն օգտագործվում է ընդդեմ կենդանի ուժի և տեխնիկայի, որոնք թաքստոց են օգտագործում բնական պայմանները՝ լեռնային տարածքը, անտառները։

«Սպիտակ ֆոսֆորը համարվում է բարձր թունավորության նյութ և կայուն ախտոտիչ։ Այսինքն երբ որ զինատեսակը պարունակում է սպիտակ ֆոսֆոր և կիրառվում է էկոհամակարգի դեմ, մենք ունենք կայուն ախտոտվածություն և թունավորում՝ օդի ջրի, հողի և կենսաբազմազանության։ Սպիտակ փոսփորը կործանարար է բուսատեսակներ և կենդանատեսակների համար»,-ասաց      Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը հավելելով, որ այն տարիներով մնում է հողում, ջրում, փաստացի այն էկոլոգիական աղետ է, որը կունենա երկարատև հետևանքներ։

Սպիտակ ֆոսֆորը ներծծվում է արյան մեջ, որից հետո այն ազդում է երիկամների, լյարդի և շրջանառու համակարգի վրա: Մարդու համար մահացու չափաբաժինն ընդամենը 0,05 — 0,15 գրամ է: Ֆոսֆորը, բացի այրելուց, կարող է ներծծվել նաև մաշկի մեջ` հանգեցնելով մահվան։ Անգամ մինչև 10 տոկոս մաշկի այրվածքի դեպքում կարող է լինել մահվան ելք։ Սպիտակ ֆոսֆորն ազդում է նաև մարդու շնչուղիների վրա:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest