ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Դրանում նշվում է, որ գլխավոր քարտուղարը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է բռնությունը՝ նշելով, որ կողմերը պարտավոր են, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ռազմական գործողությունների իրականացման ընթացքում առավելագույնս խնայել և պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայտարարությունում նշվում է նաև, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և անհապաղ իրականացնել այն կոնկրետ քայլերը, որոնք պայմանավորվել են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի միջոցով, ինչպես նաև նախկին պարտավորությունները:

Նա կողմերին կոչ է արել շարունակել առարկայական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը համանախագահների հետ ՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest