Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին Ժնեւում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը։

«Այս պահին, երբ տեղի է ունենում այս ճեպազրույցը, տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի Սեյեդ Աբաս Արաղչիի հետ։ Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող եմ տրամադրել հանդիպման ավարտից հետո»,- հավելեց խոսնակը։

Հարցին՝ ինչո՞ւ էր ավելի վաղ նախատեսված հանդիպումը հետաձգվել, Աննա Նաղդալյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային եւ լոգիստիկ հանգամանքներով։

«Ինչ վերաբերում է օրակարգին, ապա մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցմումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։

Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է եւ դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով եւ հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնեւ»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Pin It on Pinterest