Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հակամարտության գոտում չի կարողանում ռազմագերիների և զոհվածների դիակների փոխանակման հետ կապված որևէ մարդասիրական աշխատանք իրականացնել։ Եվ քանի դեռ հրադադարը չի պահպանվում, այս խնդիրն անլուծելի է մնում։

Ադրբեջանում այս պահին 17 հայ ռազմագերի կա, ևս երկուսի մասին տվյալները ճշտվում են։

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարություն տարածեց, որ բարձրագույն դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանում գտնվող ութ ռազմագերիների մասով։ Դիմումում պահանջ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջոց կիրառվի ՄԻԵԴ-ի կողմից, նաև տեղեկատվություն տրամադրվի նրանց  գտնվելու վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Պահանջ է դրվել միջոցներ ձեռնարկել՝ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ներկայացչությունը, չհայտնելով անունները, նշեց, որ 5 ռազմագերիների մասով ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։

«ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել 5 գերիների մասով և ժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ  նույն պատասխանը կստանանք»։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Forrights-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք շարունակում են իրականացնել մարդասիրական առաքելությունը և երկխոսել կողմերի հետ։ Ադրբեջանում գտնվող գերիներից ԿԽՄԿ–ն մինչ օրս այցելել է Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին, Ալբերտ Միքայելյանին ու Ազնիվ Բաղդասարյանին․

«Հաստատում կատարելուց հետո մենք միայն նոր կկարողանանք իշխանությունների հետ հաջորդ քայլ կատարել և այցելել գերեվարված մյուս անձանց։ Ցանկացած ստացված տեղեկություն, պետք է հաստատվի նաև հակառակ կողմից, որպեսզի, դրանից հետո արդեն դիմենք այցելության թույլտվություն ստանալու»,- նշում է Ամատունին։

Գերիներին ստիպում են կրկնել՝ «Карабах-Азербайджан», ինչը նրանք ստիպված անում են

Ադրբեջանական աղբյուրներն ակտիվորեն տեսանյութեր են տարածում հայ գերիների մասին։ Դրանցից մեկն, ամենայն, հավանականությամբ նկարահանվել է հայկական ԶՈՒ որևէ զինվորական ստորաբաժանման տարածքում, քանի որ պատին փակցված է «Զորանոց» գրությամբ ցուցանակ։ Այս տեսանյութում ադրբեջանցի զինվորականը գերիներին ստիպում է իր հետևից կրկնել՝ «Карабах-Азербайджан», ինչը նրանք ստիպված անում են։ Տեսանյութում հայ գերիներն 8-ն են։

Տարածված մյուս երեք տեսանյութերում ներկայացված են 3 այլ գերիներ, որոնք ներկայանում են որպես Հայրապետյան Վալերա Աշոտի, ծնված 1997թ–ին, Ստեփանակերտում, Էդիկ Ցոլակի Տոնոյան, ծնված 1975թ–ին, Շիրակի մարզի Մեծավան գյուղում ու Ալբերտ Երվանդի Միքայելյան, ծնված 2001թ–ին Գյումրիում։

Ակներև է, որ ադրբեջանական կողմը ստիպել է պատմել, թե իրենց ստիպողաբար են զինվորագրել ու, իբր, հայերն ուզում են Ղարաբաղում ապրել ադրբեջանցիների հետ միասին, խաղաղ, ինչպես ոչ վաղ անցյալում։ Իսկ Ալբերտ Երվանդի Միքայելյանին ստիպել են ասել, թե իբր սեպտեմբերի 27-ից առաջ Ղարաբաղում զորավարժություններ էին անցկացվում, որին նաև վարձկաններ էին մասնակցում` յուրաքանչյուրը 600 դոլարով։

Ադրբեջանում գնդակահարում են ռազմագերիներին, Հայաստանում՝ վիրահատում ու բուժում

Մինչ օրս գերեվարված զինծառայողներից միայն Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանն են զանգահարել իրենց ծնողներին։ Նրանք տեղեկացրել են, որ ողջ են և գտնվում են հոսպիտալում: Ընտանիքի հետ կապ հաստատելը ստացվել է միայն ՄԻԵԴ հրատապ միջոցի շնորհիվ, երբ հոկտեմբերի 17-ին ստրասբուրգյան դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել գերեվարված զինծառայողների կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ իրավապաշտպանները կրկին դիմում են ներկայացրել ՄԻԵԴ՝ ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ»,-դիմումում ներկայացրել էր Հայաստանը։

Ամենաակնառուն և սարսափեցնողը հոկտեմբերի 15-ին ադրբեջանական մամուլի հրապարակած տեսանյութերն ու լուսանկարներն էին, որտեղ հստակ ցուցադրվում էր, թե ինչպես է հայ երկու գերիների գնդակահարում՝ արժանապատվությունը ստորացնող եղանակով, իսկ հետո բացառիկ ցինիզմով՝ դաժանաբար սպանում։

ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը հայտարարեցին, որ այս դեպքերն արդեն իսկ իրավական ամրագրում են ստացել որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի ապացույցներ: Բացի դրանից, տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ արդեն իսկ ուղարկվել են միջազգային մարմիններին։

Ավելի ուշ, Արցախի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում:

Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, փորձեց շատ արագ հերքել, թե իրենք որևէ առնչություն ունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսեցին մեկը մյուսի հետևից հեռացնել տեսանյութերը: Այնինչ, ՄԻՊ բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել էին:

Հայկական իրականությունում հակառակ պատկերն է․ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցի երկու զինծառայողներն օրեր առաջ վիրահատվեցին հայ բժիշկները, ինչն արժանացավ հանրության վրդովմունքին։ Նրանք պնդում էին, որ «գազանի հետ գազանի լեզվով պետք է խոսել»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, սակայն, նկատում է՝ մարդկային և իրավական նորմերով, բժիշկները ճիշտ են վարվել բժշկական օգնություն ցուցաբերելով ադրբեջանցի զինծառայողին․

«Իհարկե, պատերազմ է, և այստեղ ազգային էթիկան ու մշակույթը չեն որոշում, այլ՝ իշխանությունները, սակայն փաստենք, որ նույն իշխանություններն են իրենց էթնիկական մշակույթ կրողները և նրանց ձեռագիրն արտացոլվում է նաև պատերազմում»,- Forrights-ի ասում է Խառատյանը։

Ադրբեջանական և թուրքական ձեռագիրը երևում է դեռ սումգայիթյան, Բաքվի ջարդերից մինչև Քառօրյա պատերազմ և մեր օրեր։ Հայ ժողովուրդը չի մոռացել նաև Ռամիլ Սաֆարովի կողմից քնած սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը, երբ դատապարտելու փոխարեն, Սաֆարոնը հերոսացվեց և ազատ արձակվեց։

«Անպաշտպան գերիներին գնդակահարելը նրանց իշխանությունների սովորական ձեռագիրն է, ադրբեջանցի զինյալին վիրահատելը՝ մեր ինքնությունը։ Ես կողմ եմ երկրորդ ձեռագրին»,- նշում է ազգագրագետը։

«Եթե ռազմագերիների կյանքի հետ ինչ-որ բան պատահի, դա կբերի իրավական պատասխանատվության»

Փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի փաստաթղթերին, որոնք վավերացրել է նաև Ադրբեջանը, շեշտում է՝ պատերազմի կանոնները ենթադրում են սահմանի մյուս կողմում հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք․

«Ռազմագերիներն այս պահին միջազգային դատարանի ազդեցության տակ են։ Եթե նրանց կյանքի հետ ինչ-որ բան պատահի կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկվեն, դա արդեն կբերի իրավական պատասխանատվության։ Այժմ գոնե որոշ իրատեսական մտքեր կան, որ ՄԻԵԴ որոշումը զսպող ազդեցություն կարող է ունենալ տղաների կյանքի համար։ Երկու դեպքում էլ՝ հակամարտող կողմը իրավունք չունի գերիներին զրկել կյանքից, բռնություն գործադրել, ցուցմունք կորզել»,- նշում է փաստաբանը։

Ղազարյանը, ով նաև միջազգային իրավունքի մասնագետ է, պարզաբանում է, որ հրատապ միջոցի չկատարումը կարող է  հանգեցնել քաղաքական ճնշումների, ինչն այս պահին Ադրբեջանի համար ձեռնտու չէ․

«Քանի դեռ մենք ունենք պատերազմական ակտիվ փուլ, այս ընթացակարգը չի կարող արագ իրագործվել։ ՄԻԵԴ ներկայացված բոլոր դիմումների հավաքական ազդեցությունն արդեն իրատեսական է, ուղղակի դրա համար մի քիչ ժամանակ է պետք։ Այսօր ամենակարևոր նպատակը, որ հնարավոր ոտնձգություններից զերծ պահենք երիտասարդներին։ Հետո արդեն իրավական գործընթացն իր հունով կգնա։ Դժբախտաբար, մարդու իրավունքները միշտ գալիս են քաղաքականությունից հետո»։

Նշենք, որ ՄԻԵԴ-ն արդեն երկու միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝կոչ անելով պետություններին զերծ մնալ այնպիսի միջոցներից,, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest