Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները:

Քրեական օրենսգրքի փոփոխություններով խստացումներ են նախատեսվում ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքներից և զորահավաքային զորակոչից խուսափելու համար: Այս հավաքներից խուսափելու համար սահմանվում է վեցից տասներկու տարով ազատազրկում` գործող չորսից վեց տարվա փոխարեն։ Ռազմական դրության ժամանակ ծառայության վայրը կամ զորամասն ինքնակամ թողնելը ևս վեցից տասներկու տարվա ազատազրկում է ենթադրում: Դասալքության համար սահմանվում է ութից տասնհինգ տարի ազատազրկում` գործող վեցից տասներկուսի փոխարեն:

«Պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերով օրենսդրորեն սահմանվեց աշխարհազոր եզրույթը: Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությամբ՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու հնարավորություն է տրվելու Կառավարությանը:

Ռազմական դրությամբ պայմանավորված` խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:

Բոլոր նախագծերն ընդունվեցին միաձայն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest