Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական բանակը, նրան աջակցող թուրքական և ահաբեկչական ուժերը կորցրել են իրենց ահռելի քանական և տեխնոլոգիական առավելությունը: Այս մասին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է: Մեր ԶՈՒ-ն վարում է բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր ոչնչացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել` թողնելով որոշակի տեխնիկա, բայց այս պատերազմն իր բնույթով որոշակի բարդություն ունի: Հակառակորդն այլևս կորցրել է իր ահռելի քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Պատերազմը չի զարգանում նույն դինամիկայով»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել է հրետանի:

«Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ` համեմատաբար ավելի թեթև լարվածության, նույն ժամանակ այս գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումն այս պահին ունի հետևյալ տեսքը, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, նրանք կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, հաջողության չեն հասել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ գյուղերի ուղղությամբ, որպես կանոն ադրբեջանական դիվերսիոն փոքր խմբեր են մոտենում, որոնք բերում են թեթևազեն սպառազինություն:

«Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են անտառներով և լեռներով, փորձում են այլ ուղղություններ զարգացնել և այս ուղղությամբ 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են: Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են ահաբեկչական հրոսակախմբերը և այլոք, փորձում են զարգացում ապահովել բարդ անտառա-լեռնային տեղանքում, որտեղ այնքան էլ դա հեշտ չի հաջողվում: Ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest