Արթուր Մկրտչյանը առաջարկում է ցմահներից «շտրաֆբատ» կազմել. «Մենք մեր տունն ենք ուզում պահենք»

2549

Երբ ռումբերն ու արկերը անձրև են, իսկ մայրերը ուրախանում են որդիների վիրավորվելու լուր առնելով, կալանավայրերում  իրենց պատիժը կրող հարյուրավոր դատապարտյալները ձեռքները ծալած նստած են: Նրանց մի մասը երազում է այս օրերին հայտնվել ռազմաճակատում, դիմումներ է գրում Արդարադատության  նախարարություն, վարչապետին: Նրանց համար սա «մաքրվելու», հայրենական պատերազմում անցյալը սրբագրելու շանս է:

Ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով:

«Դրանցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն: ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ», — այս պատասխանը գրեթե բառացի միմյանց կրկնելով, տալիս են և քրեակատարողական ծառայությունից, և գլխավոր դատախազությունից: Հասկանալի է, որ իշխանությունները չեն ցանկանում դատապարտյալներին ուղարկել առաջնագիծ, քանի որ օրենսդրական փոփոխությամբ հանդես գալը զուտ տեխնիկական խնդիր է, հեշտ լուծելի:   

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը կարծում է, որ պատճառն այն է, որ նախարարությունում պարզապես ալարում են օրենքը լրամշակել:«Երևի, ալարում են նոր օրենք մշակել: Դա աշխատանք է պահանջում: Հեշտ տարբերակը կա, իսկ մի քիչ աշխատանք կատարելուց, չարչարվելուց խուսափում են: Եթե մի քիչ ջանք թափեն, կփրկեն երեխեքի կյանքը, վաղը սերունդ չենք ունենալու», — ասում է նա Forrights.am-ին ուղղված գրության մեջ, որը Արթուրը կալանավայրից մեզ է փոխանցել հարազատների միջոցով և որում պատասխանել է մեր հարցերին: Նա այն մի քանի տասնյակ ցմահ դատապարտվածներից է, ովքեր դիմել են վարչապետ Փաշինյանին, արդարադատության նախարարին, խնդրելով, որ իրենց էլ ներգրավեն հայրենիքի պաշտպանությանը, 18-20 տարեկանների փոխարեն իրենց տանեն ամենավտանգավոր տեղերում կռվելու:

Արթուր Մկրտչյանը արդեն 24 տարի է, կալանավայրում է, ու այս բոլոր 24 տարիների ընթացքում պայքարել է արդարացման համար: Նա դատապարտվել է 19 տարեկանում, երբ ծառայում էր բանակում, մեղադրվելով իր ծառայակիցներին  սպանելու համար: Այն ժամանակ 19 տարեկան տղային դաժան կտտանքների ենթարկելով, ստիպել էին կեղծ ինքնախոստովանություն կատարել: Սակայն այսօր նա չի խոսում իր անմեղության մասին, քանի որ շատ ավելի կարևոր խնդիր կա՝ հայրենայան պատերազմ է, որին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր անձ:

Իր դիմումի պատասխանը Արթուր Մկրտչյանը չի ստացել: «Մի 5-6 օր առաջ եկան, նայեցին, ով ինչ ծառայություն է անցել: Ես ծառայել եմ գնդի հետախուզական վաշտում: Ու դրանից մի տարի առաջ առանց ընդմիջման եղել եմ առաջնագծում», — նշում է նա, բերելով իր փաստարկները: 

«Դատապարտյալները օրենք են խախտել և դատապարտվել են: Բայց որևէ մեկը իր երկիրը, հայրենիքը չի դավաճանել: Օրինակ, եթե մարդը չի տիրապետել երթևեկության կանոններին, ու դատապարտվել է, ասենք, դրանք խախտելու հետևանքի համար, դա դեռ չի նշանակում, որ նա իր հայրենիքի թշնամին է: Մեզ չի հետաքրքրում՝ հետագայում մեզ կազատեն, թե ոչ: Զենքով եկել են մեր տան վրա: Մենք մեր տունն ենք ուզում պահենք: Դա կարող է հետագայում որևէ կերպ չանդրադառնա պատժի կրման ժամկետների վրա: Մենք չունենք նման ակնկալիք: Մենք նայում ենք ու տեսնում ենք, որ մի ամբողջ սերունդ է վերանում, ու չենք կարող ոչինչ անել՝ ձեռքերդ կապել են, տունդ մորթում են», — ասում է Արթուրը:

Այս իրավիճակը նա համարում է հոգեբանական խոշտանգում, ոչ թե կալանք, ու գրել է այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Միայն այն փաստը, որ մենք հայի արյուն տենչող  թշնամուց ավելի հեռու ու ապահով ենք, քան մեր երեխաներն ու մատաղ սերունը, որն Արցախում է, արդեն խելագարության է  հասցնում»:

Կալանավայրից դուրս եկած դատապարտյալներին զենք են տալիս ու բաց են թաղնում: Արդյո՞ք սա վտանգավոր չէ, արդյո՞ք նրանք նոր հանցագործություններ՝ թալան, սպանություններ չեն գործի: Այս առարկությունը հաճախ կարող ես լսել: Արթուր Մկրտչյանը սրան պատասխանում է. «Նա, ով նման հարց է տալիս, գաղափար չունի, թե ինչ է կալանավորը: Կա ներքին կոդեքս: Կալանավորը կյանքում չի գնա թալանի, երբ որ իր տան վրա են եկել: Իսկ այստեղ բոլորը համարում են, որ իրենց տան վրա են եկել զենքով: Կամ՝ դավաճանող մարդը իրեն կգց՞ի կրակի բերան»:

Արթուր Մկրտչյանը  մի քանի պատմական հիշեցումներ է անում իշխանությանն ուղղված: 

«Ինչո՞ւ երկրաշարժի ժամանակ ոչ մի կալանավորի կողմից չարձանագրվեց ոչ թալան, ոչ այլ ծանր հանցագործություն: Այն ժամանակ կալանավորներին հնարավորություն տվեցին, որ  մասնակցեն աղետի գոտին փլատակներից մաքրելու գործին: Հիշեք, որ Նժդեհն էլ էր Սովետական միության օրենքների խախտող, Սովետական Միություն պետության համար նա հանցագործ էր, բայց Նժդեհի նման հայրենասեր կա՞: 1941 թվականի հայրենական պատերազմի ժամանակ կազմում էին կալանավորներից ցուցակներ: Ու եթե մեկը փորձեր չենթարկվել, ռազմական րության կանոններով նրանց դատում էին: Չեմ կարծում, որ պետությունը այնքան թույլ է, որ վախենում է ասենք, մի 100 կալանավոր սահման տանի: Մի կարևոր մոտիվացիա էլ կա՝ կալանավորը ավելի կձգտի ցույց տալ, որ ինքն էլ կարող է հայրենիքի պաշտպան լինի, կռվի անձնազոհաբար, որ ինքը հասարակության կույրաղիքը չի»:

 Թե քանի դատապարտյալ է խնդրել իրեն բանտից առաջնագիծ տեղափոխել, ստույգ հայտնի չէ: Պաշտոնական տեղեկություններ սրա վերաբերյալ չեն տրամադրվում: Ճի՞շտ է, որ մի քանի հարյուր դիմում եք ստացել դատապարտյալներից՝ ռազմաճակատ մեկնելու խնդրանքով, ու բոլորին մերժում եք: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին պատասխանեց. «Դա չի համապատասխանում իրականությանը»:

Մեր տեղեկություններով, ճակատ մեկնելու խնդրանքով դիմել է մի քանի հարյուր դատապարտյալ: Նրանցից մոտ երեք տասնյակը ցմահ դատապարտվածներ են: Նամակներ են ուղարկել վարչապետին, պատգամավորներին և այլ պաշտոնատար անձանց, սակայն բոլորն էլ անարձագանք են մնացել:

Սյուզան Սիմոնյան