Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի սկզբից մինչ օրս 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին հոկտեմբերի 21-ին ասուլիսի ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Հիմնադրամն ունի միայն մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Սեպտեմբերի 27-ից սկսած կարողացել ենք հավաքագրել 4,5 մլն դոլար, այդ վճարումների 80%-ը ստացվել է Հայաստանից, հետո ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Կիպրոսից, որտեղից 240 հազար դոլարի նվիրաբերություն է կատարվել: Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները մեզ կատարեն նվիրատվություններ, որովհետև պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել, մի օր հաստատ ավարտվելու է մեր հաղթանակով, իսկ մինչ այդ պետք է սահմանին կանգնած մեր հերոսները վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը կայուն է»,- ասաց Ավետիքյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ նվիրատվություն կատարելու համար ցանկացողները կարող են այցելել 1000plus.am կայքը, մուտքագրել քարտային տվյալները և վճարել իրենց ցանկացած գումարը: Նվիրատվություն կարելի է կատարել նաև բանկային փոխանցման միջոցով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest