Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ միասին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Հավաքվածները ձեռքերին պաստառներ ունեն, որոնց վրա անգլերեն և ռուսերենգրված են տարբեր կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը. «Կույր մի եղեք», «Ճանաչեք Արցախը», «Ահաբեկչությունն արդեն ձեր քթի տակ է», «Լռությունը բռնություն է», «Դուրս եկեք», «Մենք խաղաղություն ենք ուզում»:

Նրանք նաև միասին վանկարկում էին «Կույր մի եղեք», «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան»:

«Այստեղ հավաքվել են կանայք, որոնք առաջնագծում են թողել իրենց ամուսիններին, հայրերին, եղբայրներին և չունենալով այլ տարբերակ՝ ժամանակավորապես տեղափոխվել են այստեղ: Այսօր մենք պահանջում ենք, որպեսզի կանգնեցվի պատերազմը և փորձում ենք բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք Թուրքիայի և Արդբեջանի կողմից այս պահին իրականացվում են  Արցախում: Մենք ակնկալում ենք, որպեսզի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպի մեզ հետ և լսի մեր ձայնը»,- նշեց մասնակիցներից Իրինա Սաֆարյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest