«Սարգիս Մուրադյան» պատկերասրահն այս օրերին դարձել է բանակի համար անհրաժեշտ իրեր կարող կամավորների ջերմ անկյուն։ Պատերին կախված են արվեստի գործերը, իսկ դրանց տակ կամավորները վարժ ու արագորեն կարում են, ձևում, դասակարգում կտորներն ու պարագաները։

Պատերազմի լուրը լսելուց հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հակոբ Ճաղարյանի և նրա կնոջ՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ պատկերասրահում հավաքվել են բազմաթիվ կամավորներ՝ տարբեր մասնսնագիտություն ունեցող անձինք, այդ թվում՝ արվեստի գործիչներ, որոնք անձևրանոցներ ու ներքնակներ են կարում, քողարկող ցանցեր հյուսում և ուղարկում առաջնագիծ։ Կամավորներն ասում են՝ թշնամու անօդաչու թռչող սարքերը չեն նկատում այն առարկաները, որոնք ծածկված են լինում նման ցանցերով, ուստի կարևորում են նաև նման ցանցեր հյուսելը։
Ավիացիացիայի ոլորտում աշխատող Նատալյա Պողոսյանը Forrigts.am-ի հետ զրույցում նշեց՝ այս պատկերասրահն առաջին ագամ չէ, որ վերածվում է կամավորական աշխատանքի կենտրոնի․ այդպես էր Ապրիլյան պատերազմի օրերին։ Այն ժամանակ ևս բազմաթիվ կամավորներ անհրաժեշտ պարագաներ էին կարում մեր քաջերի համար։

«Կան բազմաթիվ կամավորներ, որոնք գալիս, հարցնում են՝ ի՞նչ պարագաների կարիք կա։ Մենք ասում ենք, իսկ նրանք գնում են պարագաներն ու բերում այստեղ։ Շատերին անգամ չենք էլ ճանաչում, գալիս են այստեղ, հարազատաբար օգնում ենք միմյանց, կազմակերպում բոլոր աշխատանքները։ Արդեն բազմաթիվ ցանցեր, աձրևանոցներ ու ներքնակներ ենք կարել ու ռազմաճակատ ուղարկել», — պատմեց տիկին Նատալյան։

Հարցին՝ իսկ ինչու առաջացավ հենց ներքնակներ կարելու գաղափարը, տիկին Նատալյան ասաց՝ տեղյակ են, որ մեր հզոր տղաները երբեմն գետնին են պառկում, քնում։

«Մոր սիրտը չէր կարող թույլ տալ, որ մեր զավակները գետնին քնեն։ Ելքը գտանք, որոշեցինք նաև ներքնակներ կարել նրանց համար ու ռազմաճակատ ուղարկել։ Կամավորները նայում են աշխատող մյուս կանանց ու արագորեն ներգրավվում աշխատանքներում։ Մեր զինվորների նկատմամբ սերն ու հոգատարությունն այնքան մեծ է, որ բոլորն էլ հեշտությամբ սովորում են կարել։ Արդեն բազմաթիվ ներքնակներ ենք կարել», — պատմեց տիկին Նատալյան։

Ի դեպ, ներքնակներ պատրաստման համար օգտագործվում են նաև կարի արտադրամասերից բերված թափոնները։ Կան արտադրամասեր, որոնք զինվորների համար հագուստ են կարում։ Աշխատանքներից հետո ավելացած կտորները և թափոններն ուղարկում են «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ, իսկ կամավորները դրանք մշակում են ու լցնում ներքնակի համար նախապես կարված մեծ պարկի նմանվող կտորի մեջ, վարպետորեն կարում և վերջ․ տաքուկ ու հարմարավետ ներքնակները պատրաստ են։

«Սա նվազագույնն է, որ կարող են անել մեր հայրենիքի պաշտպանների համար։ Մենք պատրաստ ենք գիշեր-ցերեկ աշխատել, մենք հոգով իրենց հետ ենք, աղոթում ենք իրենց համար», — ասաց կամավոր Մետաքսյան։

Մասնագիտությամբ նկարիչ Ծովինարն էլ հավելեց՝ ներքնակները կարելուց զատ՝ կամավորները չեն մոռանում ներքնակների վրա ջերմ բարեմաղթանքներ գրել, հաղթանակ ու բարի վերադարձ են մաղթել մեր քաջերին։ Ի դեպ, տղաներն արդեն ստացել են ներքնակները ու շնորհակալություն հայտնել հոգատարության համար։

Երեկոյան, երբ արդեն փաթեթավորած են լինում ներքնակներն ու մյուս պարագաները, նրանց են միանում տղամարդիկ, որոնք կազմակերպում են բեռները ռազմաճակատ հասցնելու աշխատանքները։

Կամավորները ջանք չեն խնայում, օրվա տարբեր ժամերին պատկերասրահում եռուզեռ է, «թիկունքը բանակի համար, բանակը՝ թիկունքի» սկզբունքին հավատարիմ: Կամավորները վստահ են՝ այս միասնականությունը կոտրել չի լինի, միասին մենք մեկ անհաղթելի ուժ ենք դառնում։ Կամավորների ցանկությունը մեկն է՝ թո՛ղ Աստծո կամոք պատերազմը վայրկան առաջ ավարտվի և մեր քաջերը հաղթանակած տուն վերադառնան։

Հասմիկ Բալեյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest