Փաստաբան Արտակ Զեյնալյանը հայնտել է, որ հայկական զինված ուժերի երկու զինծառայող Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Իրավաբանների խումբը գերեվարվածների ընտանիքների անդամների անունից դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Մանրամասները՝ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառման մեջ․

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեցեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։
Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին․

  1. գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,
  2. մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,
  3. ապահովել պատշաճ բժշկական օգնություն։

Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020թ գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:
Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

  1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,
  2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
  3. տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ:

Իրավաբան-իրավապաշտպանների խումբ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest