Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest