Պարգև սրբազանը Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով երեկ բարբարոս թշնամու կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հռթիռակոծմանը, ասաց, որ մեզ hամար թշնամու ձեռագիրը նորություն չէ, թշնամին նույնն է, 30 տարում չի փոխվել։

«90-ական թվականներին նրանք նորից թիրախավորել էին Գանձասարը, վնասել էին Ամարասը։ Նույնիսկ Գյուլիստանի մեր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, երբ մեր շահումյանցիներից ոմանք չեն հասցրել փախչել, 7 հոգու գլուխը, կտրել գցել են խորանի վրա և գմբեթը պայթացրել են:

Նույն ձեռագիրն է, բարբարոսների, ահաբեկիչների ձեռագիր։ Տեսնում ենք, որ ահաբեկիչները հոգևոր, մշակութային բոլոր կոթողներն ավիրում են, բարբարոսներ են, սա մեզ համար հասկանալի ու ընկալելի է։ Մենք մզկիթներին ձեռք չենք տվել, նույնիսկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ վերանորոգել ենք»,- ասաց Սրբազանը՝ մի պահ դադար տալով, որ ճեպազրույցին ներկա լրագրողները լսեն, որ հենց այդ պահին էլ քաղաքը հրթիռակոծվում է:

Հարցին՝ կարողանա՞նք վերականգնել եկեղեցին, Պարգև սրբազանը նշեց՝ ոչ միայն եկեղեցին, այլև վնասված բոլոր քաղաքներն ու գյուղերն են վերականգնվելու։

«Հիշում եք՝ Շուշին ավերված, Ստեփանակերտը 70 տոկոսով ավերված էր 1992-1993թթ.։ Բայց մենք նորոգեցինք, վերականգնեցինք, գեղեցկացրեցինք, կարծես մի նոր քաղաք եղավ։ Անելու ենք, մեկ է, փյունիկի պես վեր է հառնելու մեր քաղաքն էլ, երկիրն էլ, մեր ազգն էլ, մեր հայրենիքն էլ։ Դրա մեջ կասկած չկա։ Համազգային ուժով կվերականգնենք»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest