«Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար, Քեսաբի ինքնապաշտպանության մասնակից Արթուր Վարդանյանը, որին Հայաստանում ճանաչում են որպես հանցավոր խմբի ղեկավար, նոր ղարաբաղյան պատերազմի առաջին օրվանից կամավորների հետ մեկնել է առաջին գիծ:

Արթուր Վարդանյանը, հիշեցնենք, ամբաստանվում  է  Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու փորձ կատարելու համար: 2015 թվականի նոյմբերի 25 -ին նա իր ընկերների հետ ձերբակալվեց Նորք-Մարաշի առանձնատներից մեկում:  Նրան առաջադրվեց մեղադրանք, որը հետագայում էլ, նախաքննության  ավարտին  մնաց անփոփոխ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու և ապօրինի զենք պահելու համար:

Սփյուռքի հայության համար, հատկապես սիրիահայերի, Արթուր Վարդանյանը ձերբակալման առաջին օրվանից և մինչ այսօր հերոս է և մեծ հայրենասեր: Նրան ճանաչում են որպես հետախույզ Վալերիկ Վարդանյանի որդու, Քեսաբի ինքնապաշտպանության կազմակերպչի:

Արցախ մեկնելու նրա որոշումը ընկերներին չի զարմացրել: Սիլվա Գանգրունին, որն այժմ Լիբանանում է, և Արթուր Վարդանյանի հետ պայքարել է Քեսաբում, «Հայ արաբական միջազգային խորհուրդ» կազմակերպության շարքերում,  Forrights.am-ի հետ զրույցում ասում է. «Զարմանալի չի նրա գնալը: Պիտի ելներ, հայրենիքը պաշտպաներ, ինչպես ամեն հայ: Նա շատ ուրախ էր, որ գնում է, նրա համար դա երազանք էր»:

 Սիլվա Գանգրունին ասում է, որ Լիբանանում բոլոր հայերը ապրում են Արցախից եկող նորություններով:

«Գնաց մարտական տրամադրված, շատ մեծ ոգով, նրան միացան մյուս տղաները, բոլորը ոգևորված: Մի քանի օր ես տեղեկություն չունեի, բայց երեք կարճ կապվեց, ասեց, լավ եմ», — տեղեկացրեց մեզ Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխեն Սումբուլյանը:

Արթուր Վարդանյանը վերջերս նոր ՀԿ է հիմնել՝ «Բևեռների Միացում», որը սոցիալական, մշակութային, ազգային ուղղվածություն ունի, և Աշխենը ամուսնու բացակայությամբ համակարգում է կազմակեպպության աշխատանքները, օգնություն է ցույց տալիս փախստականների ընտանիքներին:

«Հենց մեր կազմակերպությունից, էլ մյուս տղաների հետ գնացել է՝ երգով, պարով, մեծ ցանկությամբ», — ասում է Արթուրի կինը:

Նրան հարցրեցինք, թե ինչ առողջական վիճակում է Արթուրը: Բանտում եղած տարիներին նա մի շարք հիվանդություններ էր ձեռք բերել:

«Արթուրի առողջական վիճակում փոփոխություն չկա, պետք է անընդհատ հետևի իրեն: Հիմա Արթուրը պատրաստվում է վերադառնալ, մի քիչ կկազդուրվի և կրկին կմեկնի», — ասաց Աշխենը: 

 Նա անհանգստացած է ականջին հասած լուրերով, թե Արթուրի ջոկատը կորել է, չկան այդ տղաները: «Դրանք կեղծ լուրեր են։ Նրանք ողջ են և շուտով կվերադառնան Երևան, ողջ և առողջ», — ասաց Աշխեն Սումբուլյանը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest