Կարախամբեյլի-Ֆիզուլիի հատվածում 15 տանկ և  1 ՀՄՄ խոցած հերոս շարքային Դավիթ Լյովայի Գրիգորյանի մայրը՝ տիկին Սուսաննան,  լրատվական հաղորդում դիտելիս է իմացել, որ իր որդին առաջնագծում է, այսինքն՝ այն ժամանակ, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս»  բարձրագույն կոչմանն արժանացած հայորդիների  անուններն ընթերցելիս հնչեցրել է նաև Դավթի անունը։

Տիկին Սուսաննան Forrights.am-ի հետ զրույցում նշեց՝ դժվար է նկարագրել այն զգացողությունները, որոնք ունեցել է այդ պահին․ հուզմունքն ու հպարտությունը միախառնվել են։ Հերոսի մայրն ասաց՝ հիմա ևս այդ գզացողությունները չեն տարանջատվել՝ և՛ հպարտ է, և՛ հուզված, և՛ անհանգիստ, և՛  տխուր․ աղոթում է, որ պատերազմը վայրկյան առաջ ավարտվի։

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում ապրող Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը երկու քույր ունի, հայրն արտագնա աշխատանքի է մեկնել։ Հերոսի քույրերն ու հայրն էլ  Դավթի հերոսության մասին լսելիս հուզվել են ու հպարտացել։

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանանալուց հետո հայրենասեր ու նրբազգաց Դավթի «փոքրիկ սուտը» բացահայտվել է։ Նրա հարազատները մտածել են, որ նա առաջին գծում չէ, քանի որ Դավիթը այդպես էր վստահեցրել, որպեսզի հարազատները չանհանգստանան, մինչդեռ այդ ժամանակահատվածում նա իր իսկ ձեռքերով հաղթանակ  է կերտել։


«Ես գիտակցում էի, որ եթե պատերազմ է, ինքն էլ բանակում է, ուրեմն՝ միանշանակ, մասնակցում է այդ ամենին, բայց որ առաջնագծում է, այդ մասին, իհարկե, չգիտեի։ Ինքն ասում էր․  «Ես առաջնաջծում չեմ լինելու, որովհետև մեզ չեն տանում առաջնագիծ»։ Բայց ես գիտեի, թե նա ինչ զենքի է տիրապետում և հենց Դավիթի անունը հնչեց, ես հասկացա, որ նա է։ Աննկարագրելի զգացողություններ եմ ունեցել, չեմ  կարող բացատրել։ Շատ հպարտ եմ իմ որդով։ Երեկ երեկոյան  խոսել եմ նրա հետ», — նշեց տիկին Սուսաննան՝ հավելելով՝ Դավիթը զանգահարելիս քիչ է խոսում, միայն ասում է, որ լավ է, իսկ թե  որտեղ է և ինչ առաջադրանք է կատարում, այդ մասին երբեք չի խոսում։

Տիկին Սուսաննան ասում է՝ Դավթի հաղոջություններով բոլորն են հպարտանում, ծանոթ- բարեկամների  ու հարազատների հոսքը  Գրիգորյանների տուն չի դադարում․ բոլորը գնում են հերոսի մորը շնորհավորելու։

Արցախի հերոս Դավիթը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող է: Բուհ ընդունվելուց 6 ամիս հետո զորակոչվել բանակ: Դավիթը փայլել է ոչ միայն ռազմաճակատում․ նա  սպորտով է զբաղվել՝ կարատե և շախմատ է պարապել, բազմիցս հաղթանակներ է տարել, բազմաթիվ մեդալներ ունի։

Որդու մասին խոսելիս մայրն ասում է՝ նա շատ համեստ է, բնավորությամբ կայուն ու հանգիստ, ուստի սարդարապատցիներից շատերի համար անսպասելի էր, որ այդպիսի հանգիստ բնավորություն ունեցող Դավիթը կարող է  15 տանկ ու 1 ՀՄՄ խոցել։

«Նա նաև չի սիրում, երբ խոսում են իր հաջողութունների մասին, պարտաճանաչ է,  ուշադիր, իսկ դպրոցում սովորել է գերազանց առաջադիմությամբ», —  հերոս որդուն նկարագրելով՝ նշեց մայրը՝ տիկին Սուսաննան, իսկ զրույցի վերջում կրկին  ասաց՝ հիմա միայն մի բան է ուզում․ թո՛ղ  պատերազմը շուտ վերջանա ու մեր հաղթանակած հայորդիներն անփորձանք վերադառնան տուն։

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest