Հայ ժողովուրդն ապրում է իր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին հայ ժողովրդին հղված իր ուղերձում ընդգծեց ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու:

«Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբեւէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ»,-վստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա դրանում համոզվել է նաեւ երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով Արցախի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների եւ ենթասպաների հետ: «Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ եւ կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել են հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի»,-նշեց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախորդ օրվա վերլուծությունները ցույց են տվել՝ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ:

«Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ: Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները: Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում»,-նշել է նա:

Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, կամավորական ջոկատները կենաց եւ մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:

«Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը: Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest