ՄԻՊ-ը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին

0
42

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։

Սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել Հայաստանի Գեղարքունիքի մարզ՝ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների մասին փաստահավաք աշխատանքներ իրականացնելու առաքելությամբ։

Աշխատանքներ են իրականացվել Վարդենիս քաղաքում, շրջակա Սոթք, Շատվան, Կութ և մի շարք այլ գյուղերում: Փաստահավաք առաքելությամբ աշխատանքային խումբը տեղում արձանագրել է, որ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային տարբերակում չունեցող (indiscriminate), ինչպես նաև թիրախային հարձակումները Հայաստանի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից սկսած: Հարձակումներն առավել ագրեսիվ են եղել սեպտեմբերի 28-ին և 29-ին, որոնց ընթացքում սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ:

Գյուղերի ուղղությամբ հրետանային և ռազմաօդային, այդ թվում՝ հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարձակումներ իրականացվել են բոլոր օրերին՝ առավելապես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, իսկ սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ինտենսիվ հրետակոծումներ են իրականացվել գիշերային ժամերին: Կութ և Շատվան գյուղերում աշխատանքները ցույց են տվել, որ այս բնակավայրերի ուղղությամբ արվել են հրետանային հարձակումներ, ինչպես նաև հարվածներ ԱԹՍներով:

Գյուղերի բնակելի տների անմիջական հարևանությամբ արձանագրվել են հողի մեջ խրված և չպայթած կամ մասնակի պայթած հրետանային արկեր, որոնց հայտնաբերման վայրը, դրանց ընկնելու ուղղությունը վկայում են, որ ադրբեջանական կողմն իրականացրել է նպատակային թիրախավորումներ՝ կոնկրետ բնակավայրին վնաս հասցնելու նպատակով: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի` Սոթք գյուղում գտնվող տան ուղղությամբ ևս հրետանային արկ է արձակվել:

Փաստահավաք խումբը տեղում արձանագրել է, որ արկն ընկել է նրա տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ տան տնամերձ հողամասի քարե պարիսպի անմիջական հարևանությամբ: Տանն այդ պահին գտնվող ընտանիքը չի վնասվել միայն այն պատճառով, որ արկը չի պայթել: Ակնհայտ է, որ այս դեպքում մեծ վնասներ կարող էին հասցվել բնակելի տանը՝ հաշվի 2 առնելով, որ քարե պարիսպը արկի պայթելու հետևանքով կարող էր լուրջ վնասներ պատճառել նաև գյուղի մյուս բնակելի տներին, հետևաբար նաև՝ մարդկանց կյանքին ու առողջությանը:

Ավելին, Սոթք գյուղում արձանագրվել է, որ բնակելի տների ուղղությամբ հարձակումների հետևանքով վնասվել են պայթյունների վայրից 20-50 մետր հեռավորությամբ գտնվող տները: Արձանագրվել է նաև, որ բոլոր այդ տներում տվյալ պահին եղել է քաղաքացիական բնակչություն:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը նաև զրուցել է գյուղերի բնակիչների հետ, ովքեր հայտնել են, որ հարձակումների ժամանակ նրանք գտնվել են տանը կամ հողագործական աշխատանքներ են իրականացրել տնամերձ հողամասերում՝ կապված սեզոնային բերքահավաքի հետ: Նրանց հետ զրույցից ակնհայտ էր, որ պայթյունները վախ են առաջացրել քաղաքացիական բնակչության մոտ:

Նրանք անհանգստացած են, քանի որ անկանխատեսելի է, թե երբ կլինի հաջորդ հարվածը, որ ուղղությամբ և օրվա որ ժամին այն կլինի:

Բացի դրանից, Սոթք գյուղի բնակելի հատվածի ուղղությամբ ԱԹՍ հարվածի արդյունքում վնասվել է ոչ միայն բնակելի տներից մեկը, այլ նաև պայթյունի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցը: Կորոնավիրուսային համավարակով (Covid-19) պայմանավորված գյուղի դպրոցում դասընթացները կազմակերպվում են մեծամասամբ հեռավար՝ չնայած շաբաթվա որոշ օրերին առանձին առարկաներ դասավանդվում են նաև դպրոցում:

Պայթյունի պահին դպրոցում երեխաներ թեև չեն գտնվել, բայց նրանց ծնողները զրույցներում Պաշտպանին հայտնել են, որ նրանք վախեցած են և ստիպված են եղել երեխաների հետ միասին ժամանակավորապես թաքնվել նկուղներում կամ մնալ վտանգի ներքո:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված զինված հարձակումները դատապարտելի են ու հանցավոր բնույթի նաև մեկ այլ պատճառով. դրանք տեղի են ունենում արդեն մի քանի ամիս շարունակվող նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի ընթացքում, երբ մարդիկ մեծամասամբ տանն են, ուստի նրանց կյանքին ու առողջությանը վնասների ռիսկերն էապես մեծ են:

3 Համաձայն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախապես որոշած ծրագրի՝ փաստահավաք աշխատանքներ պետք է իրականացվեին նաև մարզի մյուս գյուղերում, մասնավորապես՝ Նորաբակում, Տրետուքում, Կուտականում, Շատջրեքում, որոնք նույնպես վնասվել են ադրբեջանական հարձակումներից: Մոնիթորինգի ընթացքում ադրբեջանական ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով Պաշտպանի ղեկավարած աշխատանքային խումբը ստիպված է եղել դադարեցնել փաստերի հավաքագրման աշխատանքները:

Հարկ է նշել, որ ԱԹՍ-ները հայտնվել են ժամը 18:00-ի սահմաններում Շատվան գյուղի մոտակայքում: Մարդու իրավունքների պաշտպանն, անձամբ իր աշխատակազմով, ականատես է դարձել, թե ինչպես են ԱԹՍ-ները թռիչքներ իրականացնում բացառապես քաղաքացիական բնակավայրերում՝ հարվածներ հասցնելու կամ հարվածների համար տեղորոշումներ կատարելու նպատակով: Փաստահավաք բոլոր աշխատանքներն իրականացվել են հատուկ մեթոդաբանությամբ:

Մասնավորապես, տեղի են ունեցել այցեր բոլոր այն բնակավայրեր, որոնք ենթարկվել են զինված հարձակման, ուսումնասիրվել են բնակելի տները, դպրոցը և այլն: Տեղի են ունեցել առանձնազրույցներ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ գյուղերի այն բնակիչների հետ, ում պատկանող բնակելի տների վրա կամ տների հարևանությամբ արձանագրվել են կա՛մ արկեր, կա՛մ արկերի պատճառած վնասներ:

Մարդու իրավունքների պաշտպանն այցից առաջ հանդիպել է նաև Գեղարքունի մարզպետին, ում հետ քննարկվել են մարզպետարանի արձանագրած տվյալները քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետ կապված: Դրանից հետո հարձակման ենթարկված կոնկրետ վայրեր այցերն իրականացվել են կա՛մ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի, կա՛մ գյուղերի բնակիչների ուղեկցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների բոլոր արդյունքները կհրապարակվեն, ինչպես նաև կուղարկվեն շահագրգիռ միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին: Քաղաքացիական բնակավայրերին ուղղված հարձակումների մասին տեղեկությունները սույն արտահերթ զեկույցում ամրապնդված են համապատասխան լուսանկարներով:

Լուսանկարը՝ այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here