Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ռազմական դրության ողջ ընթացքում Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» -ի կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Արցախի նախագահը, հաշվի առնելով 2020  թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ զինված հարձակմանը դիմակայելու նպատակով ԱՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, կարևորելով ԱՀ-ի դեմ իրականացվող զինված հարձակման պայմաններում անխափան և հակառակորդի թշնամական միջամտությունից զերծ կապ ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում Զինված ուժերի և մյուս ծառայությունների միջև, նպատակ ունենալով ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը, ղեկավարելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում է կայացրել  «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Հարությունյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել ներդրողներին, սեփականատերերին, որոնք այս տարիներին ապահովել են բնականոն գործունեությունը Արցախում:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական»,-ասել է Հարությունյանը:

Նա վստահություն է հայտել, որ ռազմական դրության պայմաններում Արցախի կառավարությանը կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

«Մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»,-նշել է Հարությունյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest