Այսօր Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի արձակած արկերից նաև լրագրողներ են վիրավորվել: Անդրադառնալով կատարվածին՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շեշտեց՝ լրագրողները եղել են PRESS տարբերանշանը կրող հագուստով ու քաղաքացիական մեքենաներով։

Թաթոյանը հակադարձեց ադրբեջանական կողմի հայտարարությանը, որում հակառակորդը հայկական կողմին մեղադրել է լրագրողներին վտանգավոր տարածքներ տեղափոխելիս անվտանգությունը չապահովելու մեջ:

«Դա բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսակետից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել»,- նշեց ՄԻՊ-ը։

«Լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, զինված հարձակումների ժամանակ նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը։ Այն լրագրողները, որոնք այսօր վնասվածքներր էին ստացել, ոչ թե ՀՀ պետական մարմինների աշխատակիցներ են կամ Ֆրանսիայի պետական մարմինների աշխատակիցներ, այլ նրանք անկախ լրագրողներ են, և նպատակն է ցույց տալ իրական վիճակը։

Լրագրողների անվտանգությունը պետք է պարտադիր ապահովվի, բայց ոչ թե նրանց չթողնելով այդ վայր, այլ լրագրողների անվտանգությունը միջազգային մարդասիրական նորմերով արդեն իսկ ապահովված է, որովհետև նա հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին, և լրագրողի մուտքը ինքնին հիմք է նրա անվտանգության ապահովման համար»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրացի լրագրողներին լուսաբանել իրադարձությունները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest