ՀՀ Զինված ուժերի մայոր, տանկիստ, Դիլիջանի N զորամասի հրամանատարի տեղակալ, երկու անչափահասների հայր Միհրան Ոսկանյանը այն պինդ, բանակում աճած ու կայացած տղաներից է, որոնք երևացող չեն, քիչ են խոսում, բայց առանց նրանց մեր զինուժը դժվար է պատկերացնել:  16 տարի ծառայել է Հայրենիքին, որից 7 տարին՝ սահմանում, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի, Կորպուսի և իր զորամասի հրամատարության կողմից ավելի քան 50 անգամ արժանացել է խրախուսանքների: Վերջին մեկ տարին նա նույնպես խրախուսանքներ է ստանում, բայց արդեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայից: 

Միհրան Ոսկանյանը անազատության մեջ է 2019 թվականի հունիսից:  Տավուշի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա և 3 ամսվա ազատազրկման է դատապարտել նրան ժամկետային զինծառայող Միքայել Տեր-Մինասյանին բռունցքով հարվածելու, նրա առողջությանը վնասելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին, երբ մայորը  ներս է մտել զորամասի աշխատասենյակներից մեկը, համակարգչի մոտ նստած երիտասարդին տեքստ է տվել, որ հավաքի, խնդրել է, որ սկզբում իր աշխատանքը կատարի համակարգչով, քանի որ իր առաջադրանքն ավելի հրատապ է: Զինվորն ասել է, որ հիմա չի կարող, զբաղված է, ինչի համար էլ ստացել է հարվածը:

Մայորը մինչև վերջ իր մեղքը չի ընդունել՝ ոչ դատարանում, ոչ էլ հետո՝ բերդում, հայտնել էր, որ անհիմն դատապարտված է, որ կարող է ապացուցել իր նկատմամբ կայացրած դատական ակտերի անհիմն լինելը: Սակայն տուժող կողմը մինչև վերջ պնդեց, որ մայորը մեղավոր է, որ նրա հարվածից վնասվել է Տեր-Մինասյանի փայծաղը:

«Ազատվեմ, միանգամից անցնելու եմ ծառայության գնալու եմ Ղարաբաղ, հիմա իմ նմանները այնտեղ են, իսկ ես անիմաստ նստած», — փոխանցել է մայոր Ոսկանյանը իր փաստաբան Հակոբ Ճարոյանի միջոցով:

Ոսկանյանը ծնունդով Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղից է: Անցյալ տարի, երբ տանկիստին կալանավորում էին, ողջ գյուղը հավաքվեց ՀՀ կառավարության շենքի մոտ։ Մարդիկ պահանջում էին չպատժել տանկիստին:

Պաստառների վրա գրված էր՝ «Ազատություն մայորին», «Պահանջում ենք արդարություն», «Մենք քեզ հիշում ենք, մայոր»։

Մարդիկ անկեղծ հավատում էին, որ Միհրանը մեղավոր չի, խնդրում  էին, որ նրան ազատեն, նոր քննություն անեն, չպատժեն տանկիստին: «Ղարաբաղում ծառայել, Շամշադինում ծառայել է, բայց մինչև հիմա մի տունն ինչ է, տուն չունի», — պատմում էին նրա ընկերները այն ժամանակ։

Այսօր էլ սպանդարյանցիները սպասում են: «Մենք ի՞նչ կարող ենք անել: Դիմեք պաշտպանության նախարարություն, ձեր ձայնը կհասնի, ասեք, որ սենց մարդ կա, ի՞նչ պետք է լինի, հանեք, թող գնա կռվի»,  — ասում է Սպանդարյանի գյուղապետ Ավետիք Մխիթարյանը:

Մեկ ամսից լրանում է մայոր Ոսկանյանի վաղաժամկետ ազատման ժամկետը: Նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը դեռևս Տավուշի դեպքերի օրերին գրավոր դիմել է և վարչապետին, և ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրելով, որ ազատեն տանկիստին: Ոչ մի արձագանք չի ստացել: «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտ, նա 17 տարեկանում ընդունվել է Չելյաբինսկի բարձրագույն հրամանատարական տանկային համալսարանը, 4 տարի անց նշանակվել է տանկային դասակի հրամանատար, տանկային բիաթլոնում առաջին տեղն է գրավել, Գավաթ է ստացել, տանկային վաշտի հրամանատար է դարձել: Անկասկած, հիմա էլ կծառայեր, անպայման առաջնագծում կլիներ, բայց դրա փոխարեն բանտում է: Մենք հույս ունենք, որ Միհրան Ոսկանյանին կազատեն: Ներկա պատերազմի պայմաններում նրա նման փորձառու մարդիկ շատ են պետք», — ասում է փաստաբանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest