Այսօր եւս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցին հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ եւ վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. հիմնականում Հյուսիսային եւ Հարավային ուղղություններով։ Ամբողջ գիշերվա եւ ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ՝ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով. հատկապես լարված է եղել Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նա շեշտեց, որ հակառակորդը օրերին կրած անահաջողությունների հետ չհամակերպվելով՝ այսօր եւս օգտագործել է իր ամբողջ զինանոցը.

«Եւ գիշերվա եւ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանետ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպռազինությունը»։

Արթուր Սարգսյանն ասաց, որ հակառակորդը օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները, փորձել է գրավել մեր մարտակարգեր, սակայն այս անգամ եւս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքին եւ փորձել ամրանալ նախկին դիրքերում։

ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց, որ հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ.

«Այս անգամ կրելով պարտություն, նա որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը»։

Արթուր Սարգսյանը ընդգծեց, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները՝ բոլոր ուղղություններով։

«Հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչության բնակավայրերին, այդ թվում՝ Վարդենիսին՝ հրթիռային հարվածները, որի ընթացքում տուժել էր նաեւ խաղաղ ազգաբնակչությունը։ Վանդալիզմի այդ դրսեւորումները միայն ամրապնդել են մեր հայրենիքի պաշտպանի վճռականությունը եւ հայ զինվորի ոգին։

Այսօր եւս մեր զինվորը ցուցադրեց իր անկոտրում կամքը, վճռականությունը եւ փայլուն կերպով կատարեց իր առջեւ դրված մարտական խնդիրները»,- ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Pin It on Pinterest