Քանի որ այս պահին թեժ մարտեր են ընթանում, կոնկրետ ամփոփիչ տվյալներ մեր կորուստների մասին չենք կարող ներկայացնել. դա կլինի անպատասխանատու մեր կողմից, որովհետեւ սխալվելու հավանականությունը մեծ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց քանի որ մարտերը շատ ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք կորուստներ ընդհանրապես չենք ունենա կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն արդեն հայտարարել է 10 զոհի մասին:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հայ-ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաեւ եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ: Դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ եւ այլ տեղերում չունենք նման իրավիճակ»:

Նա հավելեց, որ բացառությամբ ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է: Նաեւ կիրառել է բանակային օդուժը, այսինքն ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ եւ այլն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest