Ցմահ դատապարտյալներն իրենց կյանքը դանդաղ մահ են անվանում, բանտի 4 պատերը համարում են քարե դագաղ, որի կափարիչը ժամանակ առ ժամանակ մի փոքր բացվում է, հույս է երևում: Պատկերավոր այս արտահայտությունն արել էր ցմահ դատապարտյալներից Մանուկ Սեմիրջյանը, որը նորանկախ Հայաստանի առաջին մահվան դատապարտվածներից էր, և կալանավայրում 22 տարի անցկացնելուց հետո, մահացավ Ամանորի գիշերը:

«22 տարի անց ոտքս առաջին անգամ կպել ա հողին, ձեռքս դրել եմ ասֆալտին․․․»

Անցնող մի քանի ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության «շնորհիվ» չորս ցմահ դատապարտյալների պատժի կրման կիսաբաց ռեժիմը խստացվեց․ նրանք կրկին հետ ուղարկվեցին 22 և ավելի տարի իրենց տունը դարձած փակ խուցը։

Ալիկ Գրիգորյանն այս ցանկում վերջին ցմահ դատապարտյալն էր, ով 5 ամիս 15 օր «Վարդաշեն» ՔԿՀ-ում մնալուց հետո, օգոստոսի 28-ին վերադարձվեց «Նուբարաշեն»։ Պատճառը՝ ինքն էլ չգիտի, վրդովված է ցմահների նկատմամբ նման վերաբերմունքից։

«Ի՞նչ են ուզում ինձնից, մեզնից, ինչի՞ են մեր տանջանքներն ավելացնում, չե՞ն հասկանում, որ մեր համար մի փոքր ազատությունն ա էլ ա երանություն»,- Forrights-ի հետ զրույցում ասում է դատապարտյալը։

Ալիկ Գրիգորյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, նախկին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր Արմեն Տեր-Սահակյան բանդայի կազմում է եղել։ 1998 թվականին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի է ենթարկվել, որը 2003 թվականին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

22 տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալի մոտ հույսի շող էր արթնացել մարտի 12-ին, երբ իր կողմից ներկայացված դիմումը բավարարվել էր Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից և նա տեղափոխվել էր կիսաբաց ռեժիմ։ Այսօր, «Վարդաշեն»-ից հեռու Ալիկը երանությամբ է հիշում այն օրերը, որոնք անցկացրել է քիչ թե շատ ազատության մեջ․

«22 տարի անց ոտքս առաջին անգամ կպել ա հողին, ձեռքս դրել եմ ասֆալտին, զգացել եմ էն, ինչ ազատ մարդու համար ամենասովորական ու տարրական բաներից ա։ Ամեն օր եկեղեցի էի գնում, առավոտյան եկեղեցական սաղմոններ լսում․․․Ընտանիքս իր հերթին էր ուրախացել, տղաս զինհաշմանդամ ա, իր կողքին լինելու հույսն ավելի էր մեծացել, էն էլ ամեն ինչ կորեց, գնաց․․․Շատ ծանր զգացողություն էր․․․»։

Կիսաբաց ռեժիմում գտնվելու ժամանակ ցմահ դատապարտյալը ժամանակն իզուր չի վատնել․ մասնակցել է հիմնարկում անցկացվող մի շարք դասընթացների, թենիսի և շախմատի առաջնություններին, գրավել մրցույթային երկրորդ տեղը, զբաղվել ապակու փորագրությամբ։ Այդ ընթացքում  ոչ մի կարգապահական խախտում կամ տույժ չի ունեցել։

Դատախազությունը, սակայն, հակառակն է պնդում։ Forrights-ի հարցմանն ի պատասխան, նշում է, որ պատժի կրման ընթացքում Գրիգորյանը 6 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի և չի խրախուսվել:

Տեղաբաշխման հանձնաժողովի 2019 թվականի որոշումն այնինչ այլ բան է հայտնում։ Հանձնաժողովի նշմամբ, դատապարտյալը մեկ խրախուսանք ունի, իսկ առաջ եկած բոլոր տույժերը, այսօրվա դրությամբ, մարված են։

Ըստ Դատախազության՝ ավելի մեղմ ռեժիմ տեղափոխելու որոշման մեջ դրական վարքագիծ դրսևորելու հանգամանքը չի հիմնավորվում: Գերատեսչության կարծիքով՝ դատապարտյալի վարքագծում նկատվող դրական փոփոխությունը չի կարող համարժեք լինել դրական վարքագծի դրսևորման հետ, ուստի «հավասարության նշան դնելն առնվազն տարակուսանք է առաջացնում»։

Իր կողմից կասեցման որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուց մոտ 1 տարի 5 ամիս անց՝ առանց ուղղմանն ու վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու, որոշում է կայացրել դատապարտյալին տեղափոխել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ․

«Ալիկ Գրիգորյանի անձնական գործի, անհատական քարտի և ՔԿՀ-ում վարվող համապատասխան մատյանների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ նրա վարքում դրական դինամիկա չի արձանագրվել և ուղղման գործընթացի ծրագիր չի իրականացվել»,- նշվում է Forrights-ին ուղղված պարզաբանման մեջ:

Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ քայլեր կամ գործողություններ պետք է ձեռնարկի չորս պատի մեջ փակված դատապարտյալը՝ դատախազության դրական գնահատականին արժանանալու համար։

«Պրոբացիան եզրակացություն ա տալիս՝ մարդու սոցիալական վիճակին նայելով»

Ցմահ դատապարտյալը նախորդ տարի դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ «Նուբարաշեն» հիմնարկն ու Քրեակատարողական ծառայությունը դրական բնութագիր էին ներկայացրել Գրիգորյանի մասին,։

Ըստ ՔԿՀ պետի կողմից հաստատված բնութագրի՝ դատապարտյալն ուներ անհրաժեշտ բավարար 28 բալը, բնակության վայրից 1130 ստորագրություն էր հավաքվել՝ ազատ արձակվելու վերաբերյալ, բացի այդ, ներկայացվել էր գործատուի կողմից փաստաթուղթ, համաձայն որի ազատության մեջ գտնվելու պահից պատրաստ են աշխատանք տրամադրել։ Սակայն Պրոբացիան բացասական բնութագիր էր տվել Գրիգորյանի մասով, հիմքում նշելով՝ «դեռ ռիսկ կա նոր հանցագործություն կատարելու»։ Դատապարտյալին վրդովեցրել էր այս հանգամանքը․

«Պրոբացիան եզրակացություն ա տալիս՝ մարդու սոցիալական վիճակին նայելով։ Եկել ասում են՝ դու ի՞նչ ես ծխում, ի՞նչ սիգարետ ա մոտդ։ Իսկ էդ կապ ունի՞, անձի ուղղման աստիճանում սիգարետի ֆիրման կապ ունի՞։ Պրոբացիան չի հիմնվել հիմնարկի տված գրության վրա, այնինչ ինձ ամենալավը «Նուբարաշեն»-ի աշխատակիցներն են ճանաչում, իրենք են իմ հետ ամբողջ օրն անցկացնում, աշխատանք տանում»,- նշում է Ալիկ Գրիգորյանը։

Դատարանում, սակայն, ի թիվս այլի, մի քանի ավել հոդվածներ են մեղսագրել Գրիգորյանին, որի պատճառով մերժվել է վաղաժամկետի դիմումը։ Բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ նույն բախտին է արժանացել։ Այս պահին գործը Վճռաբեկում է, որտեղից ամիսներ շարունակ որևէ լուր չկա։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest