Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը։ Նշենք, որ մյուս երկու դատավորները երդվել էին դեռ 2 օր առաջ, սակայն Խունդկարյանն այդ ժամանակ դեռեւս նախագահում էր Վճռաբեկ դատարանը։

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է Երվանդ Խունդկարյանի հրաժարականի դիմումը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։

Մինչ երդումը՝ Խունդկարյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ դատավորական համայնքին, պատգամավորներին՝ վստահության համար։

«Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ՝ գործով ամեն ինչ պետք է անեմ ՍԴ-ի իմ գործընկերների հետ՝ էլ ավելի ամրապնդելու Սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,- ասաց Խունդկարյանը, այնուհետեւ երդվեց։

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նրան, ինչից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։

Հիշեցնենք` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ պետք է վայր դնի պաշտոնեական լիազորությունները։

Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Խունդկարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորների մյուս երկու թափուր տեղերում ԱԺ–ն ընտրել էր ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ու ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest