Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը տարիներ առաջ ծառայելուց հետո հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի նկատմամբ խոշտանգման գործով բացառիկ որոշում է կայացրել․ սույն գործով կկիրառվի Ստամբուլյան արձանագրություն․
«Սա դատական պրակտիկայում առաջին դեպքն է։ Դատարանի այս որոշումն առաջընթաց էր, քանի որ տարիներ շարունակ իրավապաշտպանները պայքարում էին, որ խոշտանգումների գործերով կիրառվեր ստամբուլյան արձանագրությունը, որը իրենից ներկայացնում է խոշտանգման զոհերի հոգեբանական փորձաքննություն և որի արդյունքում հնարավոր է պարզել՝ անձը խոշտանգվել է, թե՞ ոչ»,-Forrights-ի հետ զրույցում նշեց Արթուր Հակոբյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Հիշեցնենք, 2015թ․-ին Արթուր Հակոբյանը Ագարակի զորամասում զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից ենթարկվել էր խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի հետևանքով ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Դեպքից մեկ տարի անց ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի հոդվածով, հարուցվել էր քրեական գործ, և Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող։ Կարճ ժամանակ անց հարուցված քրեական գործը, սակայն կարճվել էր։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ անցած 5 տարիների ընթացքում սույն քրեական գործը մի քանի անգամ վերաբացվել է, ապա նորից կարճվել, ինքը քննիչին համապատասխան միջնորդություն էր ներկայացրել որպեսզի կիրառվի Ստամբուլյան կոնվենցիան և Արթուր Հակոբյանի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակվի, որը թե՛ քննիչի, թե՛ Գորիսի կայազորայինի կողմից մերժվել էր, արդյունքում փաստաբանը բողոք էր ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
«Դատարանն իմ բոլոր հիմնավորումները բավարարել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է Ստամբուլյան արձանագրության հիմքով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, որտեղ պետք է ներգրավված լինի բժիշկ, հոգեբան և հոգեբույժ»,-մանրամասնեց փաստաբանը, հավելելով, որ դատարանը իր ակտի մեջ նշել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի կիրառումը դա կարևոր ապացուցողական նշանակություն ունի:
Արա Ղարագյոզյանը պատրաստվում է իր կողմից համապատասխան փորձագետների ներկայացնել, քանի որ չի վստահում իրավապահ համակագին։
«Դատարանը նշել է, որ չնայած, որ արձանագրությունը որպես ուղեցույց չի հանդիսանում պարտադիր ՀՀ իրավապահ մարմինների համար, սակայն դատարանը գտնում է, որ նշանակված փորձաքննությունը հնարավորությունը կտա լավագույնս իրացնեն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու փաստի առիթով արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը, քանի որ քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առաջ»,-ասաց փաստաբանը, հավելելով, որ դատարանը նշել է, որ քրեական գործով տուժող Արթուր Հակոբյանի խոշտանգված լինելու հանգամանքը պարզելու ուղղությամբ չի կատարվել բավարար քննություն։
Փաստաբանը հատկանշական է համարում նաև այն, որ սույն դատական ակտով, դատարանն արձանագրել է, որ նախաքննության ընթացքում «Ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին» 26.11.2015 թ որոշմամբ փորձագետներին տրված հարցերը որևէ մեկը ուղղված չեն եղել հնարավոր խոշտանգման դեպքը բացահայտելուն․
«Նշված հարցերից ոչ մեկը ունակ չէր բացահայտելու Արթուրի հոգեկան առողջության ենթադրաբար խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետևանքով հասցված առկայությունը կամ բացակայությունը»,-ասաց փաստաբանը:
Խոշտանգման հետևանքով հոգեկան խանգարում ստացած զինծառայողի գործով դատարանը նշել է, քրեական հետապնդման մարմինը և գործը վերահսկող դատարանը թույլ է տվել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի՝ արդար դատաքննության խախտում, որի արդյունքում խախտվել է Արթուր Հակոբյանի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը․
«Սա կարևոր է, սա նախադեպային է։ Ի վերջո հասանք նրան, որ դատարան արդար գործողությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվեց, ոչ թե սովորական դատահոգեբանական այլ Ստամբուլյան արձանագրությունով նշանակվի դատահոգեբանական փորձաքննություն տուժողի նկատմամբ»,-ասաց Արա Ղարագյոզյանը։
Փաստաբանը նկատեց, որ չի բացառում, որ Դատախազությունը սույն որոշումը կբողոքարկի, ինչպես մնացած բոլոր որոշումները․
«Բնականաբար կարծում եմ՝ կբողոքարկի, բայց կարող եմ նշել, որ սույն որոշումը ապտակ էր դատախազությանը, որը կարծես թե խոշտանգումների գործերով կոծկող քաղաքականություն է վարում»,-նկատեց նա։
Արթուր Հակոբյանի առողջական վիճակը նույնն է, թոշակ չի ստանում, իսկ պետությունից այս տարիների ընթացքում ոչ մի աջակցություն չի ստացել՝ դեղորայքի մասին հոգում է ինքը՝ ոչ մի օգնություն։
«Դեղերով եմ ապրում։ Մի կերպ եմ մասնակցում էս նիստերին»,- Forrights-ի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ՝ հերթական դատական նիստի ժամանակ ասել էր Արթուրը։
Հիշեցնենք, որ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք վերադարձած Արթուրը բանակ էր զորակոչվել 2015թ.-ի հունվարին, ապա նոյեմբերին՝ առողջական խնդիրներովի պատճառով, տեղափոխվել Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: Արթուրը Մեղրիի զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել մայոր Ջիվան Մկրտչյանի կողմից՝ զորամասի խանութում գտնվելու համար:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: