Վերաքննիչ դատարանը մերժեց պայմանական վաղաժամկետ ազատել ցմահ դատապարտյալին

0
157
Տիգրան Ավետիսյան

Ավելի քան 25  տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Տիգրան Ավետիսյանի գործն այսօր կրկին դատարանում է, սակայն վերջինս բացակայում էր իր իսկ դատական նիստից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

Այս անգամ բողոքարկվում էր առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը․ Շիրակի մարզի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ամիսներ առաջ մերժել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահ դատապարտյալին։

Պաշտպան Կարլեն Գրեյանը Վերաքննիչ բողոք էր բերել, ըստ նրա՝ հիմքը առաջին ատյանի ոչ անաչառ, առանց փաստերի ու հիմքերի որոշում կայացնելն է։

«Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Տիգրան Ավետիսյանը տույժ չի ունեցել, այսքան տարիներ ունեցել է ընդհամենը 8 կարգապահական տույժ, որոնք կարելի է ասել 90-ականներին է եղել, իսկ տույժերը չեն եղել հաջորդականությամբ, ինչը վկայում է նրա ուղղվելու մասին»,-նկատեց պաշտպանը։

Պաշտպանը, հատկապես, ընդգծեց Տիգրան Ավետիսյանի ոչ կոնֆլիկտային անձ լինելու հանգամանքը:

«2019 թվականին փակից կիսափակ ռեժիմ են տեղափոխել, իսկ արդեն այս տարվա մայիսի 5-ից տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ»,-դատարանին ներկայարեց պաշտպանը, վստահեցնելով, որ այս հանգամանքը շատ կարևոր է, արտացոլում է այն, որ փոքր է կրկնակի հանցագործության վտանգը։

«Չի աշխատել, աշխատանք չլինելու պատճառով»,-դատարանին հայտնեց փատաբանը՝ շեշտելով փաստը, որ իր պաշտպանյալը հեռու է քրեական ենթամշակույթից:

Հատկանշական է այն, որ Քրեակատարողական ծառայությունը և Պրոբացիայի ծառայությունը բացասական բնութագրեր են տվել: Պաշտպանը,սակայն նշեց, որ Տիգրանը մասնակացել է ՔԿՀ-ի բարեկարգման աշխատանքներին, սակայն Քրեակատարողական ծառայությունը չի արձանագրել դա և արդյունքում չի տվել «երանելի» 3 միավորը, ինչը թույլ կտար Տիգրանին ստանալ 28 միավորը, որը դրական բնութագրի մինիմալ նիշն է։

«Պրոբացիայի ծառայության զեկույցը, ինչպես նաև դատարանում հայտարարությունները միայն տվյալներ են և ոչ մի բացատրություն կամ մանրամասնություն, թե ինչ հիմքով է բացասական եզրակացություն տվել»,-ասաց Կարլեն Գրեյանը։

Դատախազն առարկեց, մանրամասնելով, որ տույժերի հանված և մարված լինելը հիմք չեն դրական եզրակացության․

«Սույն դեպքում 8 անգամ տույժի  է ենթարկվել  և ոչ մի անգամ չի խրախուսվել, ինչպես նաև վիճաբանել է խցակցի և ՔԿՀ աշխատակիցներիի հետ»,-ասաց դատախազ Ալեքսանյանը, արդյունքում միջնորդելով՝ մերժել պաշտպանի բողոքը։

Պաշտպանական կողմը հակադարձեց, նշելով, որ դատարանը չի ուսումնասիրել զեկույցների մեջ ներառված փաստերի հավաստիությունն ու միանգամից ճանաչել է դրանց օրինական ուժը․

«Տիգրանի կատարած հանցագործության վնասները փոխհատուցվել է։ Տուժողի իրավահաջորդները չեն բողոքում իր պայմանական վաղաժամկետ ազատման համար»,-ասաց փաստաբան Կարլեն Գրեյանը։

25 տարի առաջ այս օրերին կատարված իրադարձությունների համար է Տիգրանն այսօր անազատության մեջ։ Դեպքերը մինչև օրս թարմ են նրա հիշողության մեջ, սակայն կրկին վերհիշել և պատմել չէր ցանկանում․

«Անցած ա, իմաստ չունի էլի հետ գնանք»,-Forrights-ին ասել էր Տիգրանը։

Գործի դատաքննությունը տևել է 2 տարի․ դատավճռի արդյունքում Տիգրան Ավետիսյանը և ևս 30 հոգի դատապարտվեցին ազատազրկման, ամենածանր պատիժը Տիգրանինն էր՝ մահապատիժ՝ գնդակահարություն։

«Հիմա ես հա՞յ եմ, թե թուրք եմ, թուրքերի ձեռքն եմ ընկել, որ տենց վճիռ կայացվեց»,-ասել էր ցմահ դատապարտյալը։

Տիգրանի քույրը՝ Սոնան Forrights-ի հետ զրույցում ասաց․

«Ինքն ընդունել է իր մեղքը, զղջացել․ 25 տարի իր արածի համար արդեն նստել ա, պետք է շանս տալ մարդուն,-ասաց նա։

Դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, նիստից րոպեներ անց վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց բողոքի մերժման մասին որոշումը։

Որոշումը սպասելի չէր Տիգրանի քրոջ՝ Սոնայի համար, ով վստահեցնում է՝ մինչև վերջ կպայքարի եղբորը ազատության մեջ տեսնելու համար։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here