Իրավապահ մարմինները պարբերաբար քրեական ենթամշակույթը կրող անձանց, «գողական» աշխարհի ներկայացուցիչների աչքը վախեցնելու նպատակով նրանց ուղղված պրոֆիլակտիկ գործողություններ են ձեռնարկում՝ տների խուզարկություններ, նախազգուշական զրույցներ, խստացումներ ՔԿՀ-ներում:

Վերջերս այս միջոցառումներն ակտիվացել են:

Օգոստոսի 14-ին բերման ենթարկվեց քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանը՝ Կանեվսկին: Իրավապահները նրան ընդամենը երեք ժամ պահեցին  բաժնում և բաց թողեցին: Նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը ասում է, որ բերման ենթարկելը կապված չէր որևէ քրեական գործի հետ: «Ապօրինի զենք զինամթերք են իբր, փնտրում, բերման ենթարկեցին, ստուգեցին, իբր, տեսան, ոչ մի բան չկա, երեք ժամ պահեցին, բաց թողեցին: Հնարավոր է, որ այս գործողությունները իրոք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի  հետ կապված լինեն, որը տարվում է մարդկանց անորոշ մեղադրանքներ առաջադրելով», — ասում է փաստաբանը:

Կանեվսկուն բերման ենթարկելու նույն օրը՝ օգոստոսի 14-ին, ոստիկանությունը հաղորդեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, որը խմբավորում է ղեկավարում, դիմել է մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը հետ ստանալու նպատակով: «Օրենքով գողը», Ալեքսանդր Մակարյանն էր՝ Ալոն: Նա, ըստ իրավապահների տվյալների,  հրահանգել էր «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայողներին»՝ Սմբատին ու Անդուլին, լուծել հարցը:

Փաստորեն, կալանավայրերում դեռ կան «զոն նայողներ», որոնք շարունակում են  արդարադատության նախարարության կազմում հարցեր լուծել, անտեսելով համապատասխան օրենքը: 

«Դա միշտ եղել է ու կա, — ասում է «Արմավիր» ՔԿՀ-ին մոտ մեր աղբյուրը, — մեկը մեկին քցել ա, փող ա վրից տարե, տերերը գնացել են գողի մոտ, ասել են, գողն էլ զանգել ա գաղութ, որ դրան տենան, պատժեն, ձեռից վեկալեն, էդ փողը հետ տան, վսյո, սովորական բան ա, էլի, դա ինչ ա»: 

Այս գործի շրջանակներում օգոստոսի 14-ին ձերբակալվեց է Տիզ մականունով քրեական հեղինակություն Արթուր Սեդրակյանը, նախկին ՀՀԿ-ական: Հաջորդ օրը դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը: Արթուր Սեդրակյանը այն անձն է, որը, իբր, փոխանցել է օրենքով գողի հրահանգը «Արմավիր» քրեակատարողականի զոն նայողներին:

Վերջապես՝ վերջին պրոֆիլակտիկ միջոցառումները «գողականների» դեմ անցկացվեցին ացյալ շաբաթ: Այս անգամ ուժայինները, դիմակներ հագած, մահակներով մտան խցեր ու դաժան ծեծի ենթարկեցին կալանավորներին և դատապարտյալներին, որոնց համարում են քրեական ենթամշակույթի կրողներ: Այս ուժի ցուցադրությունը տեղի ու եցավ միաժամանակ մի քանի ՔԿՀ-ներում՝ «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն»: Հատուկ ջոկատայինները շատ լավ գիտակցելով, որ  գողականները չեն բողոքելու, լիարժեք ազատություն են տվել ձեռքերին: Արդյուքնում տուժողները հայտնվել են հիվանդանոցներում:

 Արդարադատության նախարարությունը սա համարում է «քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվող չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր եւ առարկաներ հայտնաբերելու նպատակով»: Այսպես բացատրեց նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը այն, ինչ կատարվել էր ՔԿՀ-ներում, ամենևին չհերքելով ուժի կիրառման փաստը:

«Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաեւ կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ գործող օրենսդրական կարգավորումներով, ՔԿ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաեւ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ նյութեր են նախապատրաստվում օրերս բանտում տեղի ունեցած դեպքը պարզելու համար, իսկ ՄԻՊ գրասենյակը օգոստոսի 24-ին հաղորդեց, որ թեժ գծի միջոցով ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով, որ պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ: Գրասենյակի աշխատակիցները արձանագրել են ծեծվածների վնասվածքները:

Երեկ ՔԿՀ-ներում տեղի ունեցող հաշվեհարդարի թեմայով ասուլիս էին հրավիրել իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Արթուր Սաքունցը:

 «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը կոչ արեց «հեղափոխություն արած պարոններին» հրաժարվել բռնություններից: Նա արձանագրեց, որ այս իշխանության օրոք մարդու իրավունքների վիճակը իրավապահ համակարգում նույնն է, ինչ նախկինում:

«Չկա դատախազական վերահսկողություն, չկա պատգամավորաիկան վերահսկողություն․ որևէ արձագանք չկա։ Այս իրավիճակին բացարձակապես չի արձագանքում «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը, երբ որ մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, նա մշտապես այցելում էր նման արտառոց դեպքերին: Ես պետք է ասեմ նաև, որ առանձնապես տարբերություն չեմ տեսնում բռնության դեպքերի նախկին իշխանություննների ժամանակ և հիմա, նույնը ոստիկանությունում… Ես նկատում եմ միտումները, որ ավելի շատ է կոծկվում քան առաջ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա կեղծ է համարում արդարադատության նախարարության պարզաբանումը, գտնելով, որ նախարար Ռուստամ Բադասյանը պարտավոր էր բացատրել, թե ինչո՞ւ են իր ենթակայության տակ գտնվող ՔԿՀ-ներում բռնությունների այդպիսի դեպքեր լինում և փարատեր այն կասկածները, որ նման դեպքեր չեն կրկնվի: «Դրա փոխարեն նրանք տարածել են պարզաբանում համաչափ ուժ կրառելու մասին»։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, ծեծվածները շատ վատ վիճակում են:  «Ծեծված են դաժաներոն: Բայց լուռ են, ոչ մի բառ չեն ասել, տվյալներ ունեմ, որ մարմնական վնասվքների վերաբերյալ բացատրություն տալիս, գրել են, որ մահճակալից են ընկել: Ոչ մի բուժօգնություն նրանց չի ցուցաբերվել», — նշեց իրավապաշտպանը:

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ քրեակատարողական ծառայության մեջ ոչինչ չի փոխվել:

«Եթե իրավիճակ էր փոխվել, պետք էր ազատազրկված անձանց համար էլ իրավիճակը փոխված լինե, այսինքն նրանք արդեն պետք է իմանային, որ խրախուսվում է իրենց նկատմամբ ապօրինությունների բարձրաձայնելը»,-ասաց նա:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest