Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Պայթունից տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժողի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը․

«Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում եւ բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest