«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը հորդորում է ստեղծել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով և քննել Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունները՝ արդյոք նա թույլ չի՞ տվել էթիկայի կանոնների խախտում իր վերջին հարցազրույցներից մեկում՝ «թե՛ լեզվական դրսևորումներով, թե՛ արտահայտած բովանդակությամբ»։

Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. — «Կարծում եմ և պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը և Հայաստանի Հանրապետությունը որևիցե արտաքին միջամտության պարագայում ստանալու է շատ բիրտ պատասխան: Վիրավորանքի պարագայում, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ջորջ Սորոսը, որը որ ենթադրաբար վիրավորվել է և իր գրասենյակի միջոցով տարածել է նման հայտարարություն, դիմի դատարան հայցով իմ դեմ»:

«Հրապարակ»-ին տված հարցազրուցում Սիմոնյանը պատասխանել էր հարցին, թե ինչո՞ւ են «Իմ քայլ»-ին մեղադրում Սորոսի հիմանդրամի հետ կապ ունենալու մեջ: Նա Ջորջ Սորոսին անվանել էր «կիսամեռ բիձուկ», ապա նշել. — «Սորոսը, իր հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

«Փոխխոսնակը այդ որակի է իջեցնում դիսկուրսը հանրային, որը առանց այն էլ իջած է, աննախադեպ «ցածրունքներ» է նվաճել», — «Ազատության» հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը

Վերջին մեկուկես տարիներին իշխանությունն ու կոռուպցիոն հնարավորությունները կորցրած տարբեր ուժեր աննախադեպ տեղեկատվական արշավ են սկսել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի դեմ, ասում է Լարիսա Մինասյանը, շարունակելով, որ իր կարծիքով՝ այդ արշավն իրականում ուղղված է հենց «Իմ քայլ»-ի դեմ։

«Սեփական հեռուստաալիքների եթերից նրանք ջանքեր են գործադրում համոզելու մարդկանց, թե հեղափոխությունն իրականում դրսի ուժեր են արել՝ այդպիսով փորձելով նվազեցնել Կառավարության հանդեպ հանրային վստահության մակարդակը», — ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տնօրենը, — «Թիրախը այդ վստահությունն է և թիրախը վերջիվերջո իշխանությունն է, որը որ կորցրած ուժը կանի ամեն ինչ, և մենք տեսնում ենք, որ անում է ամեն ինչ, որ վերադառնա: Այդ վստահության ջլատելն էր նպատակը»:

 Լարիսա Մինասյանն օգոստոսի 14-ին նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկել է Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել․նամակը հրապարակել էր Hraparak.am կայքը․

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։

«Ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, եւ ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան եւ ամենայն հարգանքով խնդրում եմ նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ այս հարցի շուրջ»,-գրել է Լարիսա Մինասյանը։

Ազգային ժողովն այժմ արձակուրդում է և սեպտեմբերին կվերադառնա աշխատանքի: Մինչ այդ, Լարիսա Մինասյանը զարմանք է հայտնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ իր կողմից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ուղղված նամակը հանրայնացվեց ու հայտնվեց լրատվամիջոցների էջերին։

«Դրա հրապարակմանը ես մասնակից չեմ, հրապարակվում է Ազգային ժողովից, ապա դա ինձ համար մտահոգիչ է, լուրջ մտահոգիչ է՝ թե՛ էթիկայի, թե՛ անվտանգության տեսակետից», — հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տնօրենը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest