«Մենք նախօրոք չենք իմացել, որ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն։ Այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հայկական կողմի թերացումներին․

«Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ին, օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն և ենթադրող հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել է։ Պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններից մեկը Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն է, որ նախնական տեղեկություններ չուներ սեպտեմբերի 11-ի ողբերգության իրականացման մասին»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր այն հայտարարությունները, թե իբր ռազմաքաղաքական ղեկավարությունն իմացել է հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, որոնք հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին կամ չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդոք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր և մարդիկ ենթարկվել են արդյո՞ք քրեական պատասխանատվության․

«Հանցագործության որևէ դեպք հայտնի չէ, եթե հայտնի լիներ՝ իհարկե կլիներ դատաքննություն և այլն, իսկ ով է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն․ այդպիսի հասկացողություն չկա»,-ասաց նա, անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ դեպքերից հետո Հետախուզությա վարչության պետ Արշակ Կարապետյանը տևական ժամանակ հետո նշանակվեց Մոսկվայում որպես ռազմական կցորդ․«Ռազմական կցորդը մի քանի անգամ իր պաշտոնով զիջում է Հետախությության վարչության պետի պաշտոնին, իսկ ով ասաց, որ մարդն ընդհանրապես պաշտոնից ազատվելուց հետո պետք է գնա իրենց տուն․ եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը միշտ էլ պետք է ողջունելի լինի»,-ասաց նա։

Լրագրողների խնդրանքով՝ զուգահեռներ անցկացնելով ապրիլյան պատերազմի և տավուշյան դեպքերի միջև, Սերժ Սարգսյանը նշեց․

«Որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները։ Տարբերությունը շատ մեծ է, մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որ մղվում էին 200-ից ավելի կմ հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի 100 մետր հատվածներում։ Անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք է գնահատել և շնորհավորել մեր զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 2018 թ․ մայիս հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր»։

Սերժ Սարգսյանը նկատառումներ ուներ տավուշյան դեպքերի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչ սխրագործությունների համար են 7 տասնյակ զինծառայողներ պարգևատրվում «Մարտական խաչ» շքանշանով։

«Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես, որ սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել «Մարտական խաչով», պարգևատրվել այդ շատ բարձր շքանշաններով։ 1994 թ․ կնքած հրադադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ 4 տարիների ռազմական գործողությունների և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներից ընդամենը 2 տասնյակ հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշաններով»,- ասաց նա։


Դիտարկմանը, որ ի տարբերություն ապրիլյան պատերազմի, 2020 թ․ հուլիսին Տավուշում հայկական կողմը դիրքերի բարելավում ունեցավ, Սերժ Սարգսյանը նշեց․

«1994 թ․ հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել, մինչև ապրիլյան պատերազմը, բազմաթիվ տեղերում՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի մարզերի և շփման գծում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ։ Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև մեզ համար կարևորը եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքը ընդլայնելու։ Եվ կարևորը այն չէ, որ դրա համար շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և, այսպիսով` շահագրգռելով Ադրբեջանին փոխադարձ գործողություն կատարել»։

Անդրադառնալով Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիրկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Ապրիլյանի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ և բանակը տևական ժամանակ սպասել է  Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին, Սերժ Սարգսյանն ասաց․

«Ես չեմ անդրադառնա հանձնաժողովի աշխատանքներին և նախագահի հայտարարություններին, որովհետև դրանք պահի տակ արված հայտարարություններ են, և եթե այդ ձևակերպումները տեղ գտնեն հանձնաժողովի զեկույցի մեջ, ապա մենք անպայման դրան կադրադառնանք»։

Թե ինչո՞ւ  հրահանգը միանգամից չի եղել, Սերժ Սարգսյանը մանրամասնեց, որ ռազամական գործողությունները սկսվելու պահին գտնվել է ինքնաթիռում՝ Միացյալ նահանգներից վերադառնում էր Հայաստան․

«Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողություններ սկսվելու մասին և այդ զեկույցի ընթցքում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը, այսինքն ինչ հրամանի մասին է խոսքը, առավելագորյնը ես պետք է հրաման տայի, որ այդ պլանը գործողության մեջ դնեին, որն էլ արվել էր արդեն։ Ի պատիվ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի, կարող եմ ասել, որ բոլոր ժամկենտներն ամբողջովին պահպանվել են և պլանն ընթացել է ճիշտ հունով»,-ասաց նա, մանրամասնելով, որ ռազմական գործողությունների սկիզբն ինչ որ չափով  անակնկալ էր։

«Զինված ուժերում, նույնիսկ պաշտպանությունն իրականացնելիս բազմաթիվ խնդիրներ կան, մենք չենք կարող մեր բոլոր դիրքերում ունենալ բավարար քանակությամբ զինվորներ, որովհետև պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող պաշտպանության համար ունենանք զիվորներ»,-նշեց նա, վստահեցնելով, որ բանակն այնքան կազմակերպված գտնվեց ու լուրջ հակահարված հասցրեց, որ թշնամին ընկրկեց, ուստի որևէ ուղիղ հրաման՝ պաշտպանվելու չէր կարող լինել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest