Նախկին քաղբանտարկյալ, քաղաքական ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման մասնակից, իսկ այսօր արդեն «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը հայտնի էր իր համարձակ հեղափոխական ելույթներով: Հենց դրանցով էլ բարկացրել էր նախկին իշխանավորներին, և նրանք Հայաստանի պատմության  մեջ ամենաաբսուրդային հաշվեհարդարը տեսան Սաֆարյանի հետ, ստեղծելով «Տոնածառի գործը» և Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղավոր ճանաչելով նրան:

2,5 տարի Սաֆարյանը անցկացրեց կալանքի տակ: Իր դատավարությունը, Ազատության հրապարակ տոնածառ բերելու արգելքը նա իր եզրափակիչ ելոյթում համեմատեց Կաֆկայի «Դատավարության» հետ․

«Եթե ես այսքան մոտիկից ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, ինձ կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բաներ է գրել, չափազանցրել է․․․ Բայց երբ որ այդ գիրքը ես կարդում էի, ինձ թվում էր, որ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում և գրել է հայկական դատաիրավական համակարգի մասին»:

Այսօր էլ աբսուրդը, ըստ Գևորգ Սաֆարյանի, շարունակվում է «Սասնա Ծռերի» նկատմամբ: Դատախազները խիստ պատիժներ են պահանջել ապստամբության մասնակիցների համար. 9 տարի Մանվել Մանուկյանի, 8 տարի, 9 ամիս՝ Վարուժան Ավետիսյանիհ բանտարկություն Սմբատ Բարսեղյանի համար: Forrights.am-ի հետ զրույցում Գևորգ Սաֆարյանը նկատեց. «Իրավական պետությունում իրենց իրավունքներն իրացրած մարդկանց պատժելը աբսուրդի ժանրից է»։ Գևորգ Սաֆարյանին երկու հարց ուղղեցինք, խնդրելով այսօրվա հայացքով գնահատել 2016 թվականի հուլիսի իրադարձությունները:

— Ձեր կարծիքով կա՞ր հնարավորություն, իրավական ճանապարհ, որ իշխանությունը ներեր Սասնա Ծռերին, չ՞է որ նրանք ընդվզել էին ռեժիմի դեմ, իսկ ռեժիմը հիմա չկա։

-Սասնա Ծռեր խմբավորումը որևիցէ գործողություն չի կատարել, որը պետք ներվեր ինչ-որ մեկի կողմից, այլ, օգտվելով իր ապստամբելու իրավունքից, ապստամբել է սերժիկ-սաշիկական ռեժիմի բռնատիրության դեմ՝ դրանով իսկ կանխելով այդ ռեժիմի կողմից Արցախի հանձնումը և ստեծելով նախադրյալներ այդ ռեժիմի տապալման համար։

Բազմիցս նշել ենք, որ ապստամբությունն իրավունք է, որը սահմանված է ինչպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, այնպես էլ առկա է մի շարք իրավական պետությունների սահմանադրա-իրավական փաստաթղթերում։

Ապօրինի իշխանության դեմ զինյալ ապստամբություն իրականացնելու իրավունքի մասին նշված է այնպիսի իրավական պետությունների սահմանադրա-իրավական փաստաթղթերում ,ինչպիսիք են Գերմանիան, ԱՄՆ-ն կամ իրավունքի և ժողովրդավարության վերածննդի օրրան հանդիսացող Ֆրանսիան։

Սասնա Ծռեր խմբավորումը, ընդվզելով սերժիկ-սաշիկական ռեժիմի դեմ, ստեղծեց նախադրյալներ հեղափոխության համար և 2018 թվականին իշխանափոխությունից հետո հեղափոխություն իրականանալու դեպքում Սասնա Ծռերը ազատ կարձակվեին իրավունքի ուժով և կճանաչվեին անպարտ օրենքի առաջ։  2018 թվականի իշխանափոխությունից հետո սակայն, նոր իշխանությունները հրաժարվեցին հեղափոխական գործընթացից և իրենց ճանաչեցին նախկին ռեժիմի իրավահաջորդ։

Նոր իշխանությունները, չտալով իրավաքաղաքական գնահատական նախկին ռեժիմին, ճանաչեցին նրան օրինական իշխանություն և այսօր ՀՀ դատախազությունը, Հայաստանի Հանրապետության անունից մեղադրում է Սասնա Ծռերին « օրինական » իշխանության դեմ գործողություն կատարելու համար՝ դրանով իսկ փաստելով, որ նոր իշխանությունները սերժիկ-սաշիկական ռեժիմին համարում են օրինական իշխանություն։

Նոր իշխանությունները, չիրականացնելով անցումային արդարադատություն, թողեցին որպեսզի դատական համակարգը «տապակվի իր յուղով» դրանով իսկ թողնելով դատական համակարգը նախկին իշխանությունների ուղիղ վերահսկողության տակ, իսկ Սասնա Ծռերի գործով համագործակցում են երկուստեք։

 -Որպես քաղաքացիական շարժումների անդամ, որպես նախկին քաղբանտարկյալ «Տոնածառի գործի» բովով անցած, ինչպե՞ս եք վերաբերվում Ծռերի արարքին, նրանց համար խիստ պատիժներ է պահանջել դատախազությունը։

-Դեռ տարիներ առաջ, քաղաքացիական պայքարի ընթացքում, ես բարձրաձայնել եմ ապստամբության իրավունքի մասին և զգուշացրել այն ժամանակվա իշխանոթյուններին, որ եթե նրանք շարունակեն իրենց բռնաճնշումները, ապա մարդիկ օգտվելու են իրենց ապստամբելու իրավունքից և զենք են բարձրացնելու նրանց դեմ, ինչն իրավական և քաղաքական առումով օրինաչափ է, որի մասին և նշված է մարդու իրավուքնների համընդհանուր հռչակագրում։ «Սասնա Ծռեր» խմբավորման գործողությունը հայ ժողովրդի և Հայաստանի հանրապետության համար պատմական նշանակություն ունեցող գործողություն է, որի լիարժեք գնահատականը դեռ չի տրվել։ Ես ինքս չեմ մասնակցել այդ գործողությանը մեկ պատճառով՝ որ այդ ժամանակ գտնվել եմ բանտում։ Կասկածից վեր է , որ անազատության մեջ չլինելու դեպքում կլինեի խմբավորման կազմում։

Իրավական պետությունում իրենց իրավունքներն իրացրած մարդկանց պատժելը աբսուրդի ժանրից է։

Սա ևս մի ցուցիչ է, որ Հայաստանը մնացել է Սովետական իրավակարգավորումների փիլիսոփայության դաշտում և այն որ Հայաստանում իրական համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Անհեթեթ կլիներ կարծել անգամ, որ երբ պատերազմյան Գերմանիայում դատապարտեին Հիտլերի նկատմամբ մահափորձ իրականացնողներին, կամ Ֆրանսիայում դատեին Միսակ Մանուշյանին։ Սասնա Ծռերի դատավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանության փոփոխություն։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest