Դատարանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանից ստացել է դիմում, որտեղ նշվում է, որ հանկարծակի ծագած խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատարան։ Այս մասին հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական հերթական նիստի մեկնարկին։

Դատավորը Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց, արդյո՞ք տեղեկություն ունի բացակայության պատճառների մասին, ինչպես նաև այլ պաշտպան ներգրավելու հնարավորություն չունի։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն անհիմն որակեց փաստաբան Պողոսյանի դիմումը, դա կապեց նախորդ նիստում նրա արած հայտարարության հետ, որ պատրաստվում էր ինքնաբացարկ ներկայացնել դատավորին։

«Այսօր նրա բերած պատճառաբանությունը, կրկնում եմ, ոչինչ չի ասում։ Բոլորս կարող ենք ամեն նիստից առաջ գրել՝ հանկարծակի խնդիրներ են առաջացել։ Ոչ մի խնդիր էլ չի առաջացել, պլանավորված վարքագիծ է»,-պնդեց դատախազը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նկատեց, որ ճիշտ կլինի Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները ներկայացնի հենց ինքը և դրանց հետ կապված քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ։ Բացի այդ, փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի լիազորությունները, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։

Արձակուրդ մեկնելու մասին տեղեկությունը վրդովեցրեց մեղադրող դատախազներին և տուժող կողմի ներկայացուցիչներին։ Սակայն դրան ի պատասխան, պաշտպան Վարդևանյանը հիշեցրեց, որ ոչ մեկ չէր դժգոհում այն ժամանակ, երբ նախագահող դատավորը նախորդ տարի դեկտեմբերի սկզբից որոշեց գնալ ամենամյա արձակուրդ, ինչի պատճառով մի քանի դատական նիստ չկայացավ։

Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ գարնանը մոտ մեկուկես ամիս դատական նիստ չի հրավիրվել, և դրա պատճառների մասին դատավորի աշխատակազմից ոչ մի տեղեկություն չեն հայտնել։

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հատուկ դիտավորություն տեսավ Արմեն Գեւորգյանի պաշտպանական թիմի գործողություններում՝ պատահական չհամարելով, որ մի փաստաբան դիմում է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին, մեկը արձակուրդ է մեկնում, իսկ մյուսի ծառայություններից էլ հրաժարվել են։

«Այս բոլորը խոսում է այն մասին, որ այս նիստերը հետաձգելու, առերևույթ օրենքի տառի հետ համաձայնեցնելու, սակայն իրականում պայմանավորվածության արդյունքում այս նիստերը տեղի չունենալու և մեղադրական եզրակացությունը չհրապարակելու ուղղակի դիտավորությամբ, պաշտպանության կողմը կուլիսների ետևում նախաձեռնում է նման գործողություններ, որի արդյունքում ունենալու ենք այսպիսի դեպքեր»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հետագայում առիթ կունենանք տեսնելու, որ այս հետաձգումները պայմանավորված են որոշակի նշանակումների հետ։ Ավելին՝ Սաֆարյանը հետաքրքրվեց, թե արդյոք միտում չկա, որ Արմեն Գևորգյանը պաշտպաններից մեկից հրաժարվել է, իսկ մյուսին ուղարկում է արձակուրդ ու առաջարկեց դատարանին՝ միջոցներ ձեռնարկել։

Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց Սաֆարյանի հայտարարությանը՝ հորդորելով թույլ չտալ այսուհետ նման կատեգորիկ արտահայտություններ անել եւ նկատեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի արձակուրդ գնալու կամ չգնալու։ Բացի այդ՝ Ալեքսանյանն ավելի վաղ էր դիմել արձակուրդ գնալ, սակայն Գևորգյանը խնդրել է, որ Ալեքսանյանը ներկայանա այս դատական նիստին, որ այն չհետաձգվի։ Էրիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ իրեն որևէ մեկն արձակուրդ չի ուղարկում և Սաֆարյանի հայտարարությունները մերկապարանոց են և ինքը որևէ մեկից չպետք է հարցնի՝ իր սահմանադրական իրավունքը՝ հանգստի իրավունքն իրացնի, թե ոչ։ Տուժողի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ գործով կա 8 փաստաբան և, եթե նրանցից յուրաքանչյուրը 14 օրով գնա արձակուրդ, ապա դատական նիստերը չեն կայանա 8 ամիս։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ընդգծեց՝ հնարավո՞ր է Պողոսյանի բացակայությունը հարգելի է, հնարավոր է՝ ոչ, բայց այդ հարցը պետք է քննարկվի նրա ներկայությամբ, դատարանը պատճառն իմանալուց հետո պետք է որոշում կայացնի՝ պատասխանատվության ենթարկե՞լ նրան, թե՞ ոչ։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Նա նշեց, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008 թ․ մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։

Այսպիսով, սույն գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Իսկ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքի (կաշառք ստանալը) հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։

Ալումյանը ներկայացրեց դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիճակով։

Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։

Pin It on Pinterest