Նախկին ոստիկանապետ և դերասան Վլադիմիր Գասպարյանը երբեք չի թաքցրել իր հատուկ վերաբերմունքը լրագրողների նկատմամբ:  Առաջներում, երբ նա հայկական բարձրաստիճան էլիտայի մի մասն էր, առերես հանդիպումների ժամանակ հաճախ ծաղրում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: 

Ճիշտ է, թթու արտահայտությունները մեղմում էր դերասանական ժպիտով: «Չքվեք, սիրելիներս», — կարող էր նա ասել իրեն շրջապատած լրագրողներին: Կամ, ասենք, հարցներ միկրոֆոնը մի կերպ ձգող, իր բերանին մոտեցնողներին. «Նյութ չունեք, հա՞, էսօր»:

Մի անգամ մեկը նրան տեղը դրեց. «Վիրավորում եք, պարոն ոստիկանապետ, չի կարելի այդ ձևով ու այդ տոնով շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»: Գասպարյանին մնաց համաձայնվել՝ «Եղավ, ազիզ ջան»:

Վովա Գասպարյանը հասկանում էր, որ սիրված կերպար չի: Ի դեպ, չէր սիրում, երբ իրեն Վովա էին ասում և իրեն  հասանելի միջոցներով հանել էր տալիս այս կարճ անունը նյութերից:

2017 թվականի մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հոծ բազմությանը նա խորհուրդ տվեց հաշվտվել այն մտքի հետ, որ ինքը 60 տարով է եկել: Լրագրողները համարյա հավատացին:

Վերջին ապստամբները՝ «Սասնա ծռերը», ամբաստանյալների աթոռներին էին, Սերժի դեմ կազմակերպված բոլոր «բանդաների» անդամները՝ նույնպես, ՀԱԿ-ը վաղուց ապակտիվացած էր: Ռեժիմն ամեն ինչ արել էր, որ մարդիկ հասկանան՝ ըմբոստությունը պատժելի է, ու ամենադաժան պատժողի՝ Վովայի ձայնը ինքնավստահ էր հնչում, հեգնալից: 

Նրա դաժանությանը լրագրողները չէին կասկածում:

2015 թվականի հունիսի 27-ին Վովա Գասպարյանը զբոսնում էր Բաղրամյան պողոտայով: «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցներին, լրագրողներին 4 օր առաջ դաժան ծեծի էին ենթարկել, ջրցանների շիթերով դաղելով, ձեռքեր ոլորելով, դուբինկաներով մարմնական վնասվածքներ էին պատճառել հարյուրավոր երիտասարդների, որոնք պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Ոստիկանապետին լրագրողներ մոտեցան ու հունիսի 23-ին անհամաչափ ուժ կիրառելու վերբերյալ հարց տվեցին: «Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը, մենք այդ օրը ուժ չենք կիրառել», — պատասխանեց նա։

Եւ իրոք, իրական ուժի ցուցադրությունը եղավ «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակաշրջանում և դրանից հետո՝ զենքերն ինքնակամ վայր դրած Ծռերի նկատմամբ: Հուլիսի 29-ին, ոստիկանությունը 10 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին ցրվելու համար: Պահանջը չկատարվեց, և ոստիկանները հարձակվեցին հավաքված ժողովրդի վրա, հատուկ թիրախավորելով լրագրողներին:

Հարձակումը մամուլի ներկայացուցիչների վրա հատուկ պլանավորված ու մտածված գործողություն էր: Հարձակվողները քաղաքացիական հագուստով էին: Ծեծում էին հատկապես նրանց, ով ուներ տեսախցիկ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի ղեկավարությամբ:

Այսպես դրսևորվեց Վովայի ատելությունը լրագրողների նկատմամբ:

Հետագայում, «Սասնա Ծռերի» գործով դատավարության ժամանակ ոստիկանության հաշվեհարդարը շարունակվեց: Ամբաստանյալներին ծեծում էին, խոշտանգումների էին ենթարկում: Ոմանք՝ ինչպես ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, Հաց բերողը, մահացան, և նրանց մահը Հայաստանը համակած դաժանության հետևանք էր:

Այնպես որ զարմանալի չէր, որ Վովայի ձայնը ինքնավստահ ու հեգնալից էր հնչում, երբ նա ասեց, որ 60 տարով է եկել: Այն ժամանակ նա ծաղրում էր լրագրողներին, ու ոչ ոք չգիտեր, որ ընդամենը մեկ տարի հետո կփլվի դաժանության կայսրությունը:

Այսօր արդեն Վովա Գասպարյանը չի թաքցնում չարությունը ծաղրող ժպիտի հետևում: Նա ուղղակի հարձակվում է Սևանա լճի ափին տեղակայված իր դղյակը նկարող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա, ավտոմեքենայով է վրա տալիս, սպառնում է, որ կոչնչացնի, «կգյուլլի», «կսատկացնի»: Այսօր Վովան լրջացած է ու չար։  Այսօր նա թույլ է:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest