«Ամուլսարը սար է մնալու». բնապահպաններն այս կոչով են ավելի քան երկու տարի փակել Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք պահանջում են կասեցնել Ամուլսարի ՇՄԱԳ-ի` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, պնդելով՝ հանքավայրի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի, շրջակա միջավայրի համար:

Արդյո՞ք այդպես է: Կառավարությունը սա հասկանալու համար նախորդ տարի 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների: «Էլարդ» ընկերության թիմը ի վերջո եզրակացրեց, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար: Այս արդյունքը ձևավորված կրքերը հանդարտեցրեց գրեթե մեկ տարի։

Այսօր արդեն չորրորդ օրն է, ինչ լուսաբացին, ինչպես բնապահպաններն են ձևակերպում` քնի ամենաքաղցր ժամին, «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայության աշխատակիցները դեպի Ամուլսար տանող ճանապարհը փակած ակտիվիստների տնակները ապամոնտաժեցին և տեղադրեցին իրենց տնակները:

Ըստ բնապահպանների՝ դեպի սար տանող երեք դիմադրական հենակետերից երկուսն ապամոնտաժվել է` Ամուլսարի մուտքը վերահսկողության տակ վերցնելու նպատակով․

«Էն կետերն են գրավել, որտեղից իրենք հանգիստ կարող են մուտք գործել Ամուլսարի տարածք, անել իրենց աշխատանքները: Իսկ դա մենք չենք կարող թույլ տալ, հետևաբար այդ դիրքերը հետ պիտի վերցնենք մեզ»,- հայտարարում են բնապահպան-ակտիվիստները:

Այսօր առավոտից էլ այլ տարածք է տեղափոխվում «Լիդիան»-ի տնակները։ Ընկերությունն անօրինական է համարում տարածքի ազատումը և հայտարարում՝ Ամուլսարի տարածքում գործելու իրենց բոլոր թույլտվություններն ուժի մեջ են մտել դեռ երկու տարի առաջ:

Այս ողջ իրադարձությունները մեծ լարվածություն և բախումներ առաջացրին։ Բերման ենթարկվեցին մոտ 40-ից ավել քաղաքացիներ, որոնց թվում կային իրավապաշտպաններ, փաստաբաններ, ակտիվստներ և ջերմուկցիներ։

«Երեկվա» և «այսօրվա» մասին Forrights-ը խոսեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, ով այս օրերին ևս Ամուլսարի դիրքերում է։

-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ կատարվեց «երեկ» և ինչպե՞ս նախորդ տարի Ամուլսարի շուրջ ձևավորված կրքերը որոշ չափով հանդարտվեցին։

— Նախորդ տարի, երբ քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված եզրակացությունը ցույց տվեց, իբր «Լիդիան»-ը կարող է հանքի շահագործումը սկսել, քանի որ Ջերմուկի ջրերը վտանգված չեն, հանրությունը մի պահ չկարողացավ հասկանալ իրավիճակը։ Այդ ընթացքում ժամանակ եղավ և մարդիկ կարդացին փորձաքննությունը և ի հայտ եկավ հակառակը։ Ըստ եզրակացության՝ «Էլլարդ»-ը պնդում է, որ ոչ թե թույլատրել է հանքի շահանգործումը, այլ հակառակը․ նշում՝ հանքի բացումը կաղտոտի ոչ միայն այդ, այլև հարակից տարածքները։

Կառավարությունն էլ իր հերթին գիտի, որ հանքը կառուցվել է լուրջ սխալներով։ Սա հիմք էր, որ քրեական գործը շարունակվի, ընթացք տրվի և մի շարք հարցեր բարձրաձայնվի, սակայն, գործը կարճվեց և Կառավարությունը մտավ ընդհատակ։ Ստեղծված դրությունն իսկապես խայտառակություն էր և միայն մոռացության տալով կարելի էր հարթել իրավիճակը։

-Այդ դեպքերից մոտ մեկ տարի անց իրավիճակը կրկին լարվեց։ Արդյո՞ք վագոն-տնակնների տեղափոխումը հանքի աշխատանքը սկսելու նախադրյալն էր։

-Ամուլսար տանող ճանապարհին վագոն-տնակները տեղափոխելու իմաստն այն էր, որ դրան տեղադրվեին Ջերմուկի մայրուղուց դեպի «Լիդիան» տանող ճանապարհի հատվածում, որ քաղաքացիական ակտվիստները և ջերմուկցիները բողոքի ակցիա իրականացնելիս ոչ միայն հանքի ճանապարհը փակեն, այլև՝ Ջերմուկի։

Այդ եղանակը կհանգեցնի մնացած ջերմուկցիների բողոքին, և հակադրության մեջ կդնի նրանց առօրյա կյանքն ու բողոքի ակցիան։ «Լիդիան»-ին և կառավարությանը 3-4 օր էր պետք հասկանալու համար՝ զոռբայությամբ կարո՞ղ են առաջ տանել իրենց ցանկությունը, թե ոչ։ Արդյունքը կրկին հիասթափեցրեց նրանց։

-Բազմիցս է խոսվել, որ հանքի շահագործումը կարող է իր հետ մեծ վնասներ բերել։ Խոսքը միայն սարի՞ մասին է, թե՞ այլ վտանգներ ևս կան։

-Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Շատ վտանգավոր է հանքավայրի շահագործումը Ջերմուկ առողջարանային համալիրի ու շրջակա 6000-ից ավելի բնակչության համար, որը Ամուլսարի գագաթից ընդամենը 12 կմ հեռավորության վրա է գտնվում։

Ամուլսարն իր մեջ պարունակում է ուրանի հանքաքար, և այստեղ խնդիրը ոչ միայն հանքի պահպանումն է, այլև ռադիացիայի տարածման կանխումը։ Մենք ունենալու ենք Չեռնոբիլի պես մի վիճակ Հայաստանում, որն առնվազն 50 կմ շառավիղով վնասակար ազդեցություն կարող է բերել։

Եվ այս ամենը ոչ միայն Գնդեվազին և հարակից բնակավայրերին է վերաբերում, այլ՝ բոլորիս ապագային, քանի որ բավականին լուրջ կարող են լինել դրա առաջացրած բացասական հետևանքները։

-Այս մասին տարիներ առաջ բարձրաձայնում և բնապահպանների կողքին էին կանգնում այսօրվա իշխանությունից որոշ անձիք։ Սակայն, նրանք այսօր լուռ են․․․

Կառավարությունն այսօր էլ շարունակում է ձևավորված լռությունը։  Բոլորիս համար էլ հասկանալի է, որ «Լիդիան»-ն իր սեփական նախաձեռնությամբ չէր որոշել 4 օր առաջ հանել քաղաքացիական արգելափակումը։ Բնականաբար, այս ամբողջը համաձայնեցված էր․ ընդհանուր ծրագիր, որի մեջ Կառավարության դերը նրանում էր, որ պետք է լռեր և ձայն չհաներ, իսկ «Լիդիան»-ն և ոստիկանությունը պետք է լինեին միակ դերակատարները և իրականացնեին բլոկադան։ Այս ամենի պատճառով հանրային կարծիք է ձևավորվում ի վնաս կառավարությանը։

Իշխանությունն իր բոլոր քայլերով հովանավորում է Ամուլսարի գործընթացը։ և փորձում իր լծակներն օգտագործել, որպեսզի «Լիդիան»-ն իր ծրագիրն իրականացնի։ Այս ամենը տեսանելի է կառավարության ողջ գործողություններում։

-Ի վերջո, ինչպե՞ս է պետք լուծում տալ Ամուլսարի շուրջ ձևավորված «հակամարտությանը»։

Խնդրի վերջնական լուծումը միմիայն կարող է լինել հանքի շահագործման  կասեցումը։ Բացի դրանից, պետք է շարունակել քրեական գործի քննությունը, բացահայտել, թե ինչ պայմաններում է տրամադրվել նախորդ տարվա թույլտվությունը, որոնք շրջանցել են այս բոլոր կարևոր հարցերը։

Ռոզա Վարդանան

Հ.Գ. Լարվածությունը Ամուլսարի տարածքում օգոստոսի 7–ին քիչ թե շատ թուլացավ. Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն տնակները  ճամփեզրից տեղափոխեցին մի քանի մետր հետ՝ «Լիդիան Արմենիայի» սեփականություն հանդիսացող տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն տնակը վերադարձրին սեփականատիրոջը։ Հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիները հեռացան, բայց հայտարարեցին որ շարունակելու են հսկել տարածքը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest