Հայաստանում, կարելի է համարել, որ կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք բոորս տեսնում ենք բացարձակ թվերով նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ։ Այս շաբաթ ամենաշատ դեպքերի թիվը դեռ եղել է 308։ Եվ մենք մոտ օրերս կտեսնենք՝ արդյոք այս տեմպը պահպանվում է, թե ոչ։ Բայց համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթվա թվերի հետ՝ ակնհայտ է, որ բացարձակ թվերով ու տոկոսներով մենք ունենք բարելավում, ինչն իրապես լավ հնարավորություն է՝ իրավիճակն այնքան լավացնելու, որ սա այլևս ճգնաժամային իրավիճակ չհամարվի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ ժամանակին շատ էր խոսվում հիվանդության պիկի մասին։ «Մեր տվյալներով՝  մենք ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի վեցին։ Այսինքն՝ եթե դա համաճարակաբանորեն համարենք պիկ, ապա մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Եվ այդ օրվանից հետո մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել։ Եվ վերջին օրերին արձանագրում ենք նույն տենդենցը»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ ռեալ շանս ունենք այս նվազման տեմպը պահելու և արագացնելու։

Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման խնդիր վաղուց չունենք։ «Հակառակը, մենք հիմա արդեն ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահաճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն։ Դրանով պայմանավորված՝ մենք աստիճանական գնալու ենք այդ մահճակալային ֆոնդի հետծավալման, իհարկե, միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանք նորից նույն ծավալով աշխատեցնելու»,- նշեց նա։ Հետևաբար, Վանաձորի իֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Դիլիջանի ԲԿ-ները օգոստոսի մեկից կվերադարձվեն իրենց հիմնական աշխատանքին։ Եվս երեք կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում կվերադարձվեն իրենց հիմնական աշխատանքին։ Նախարարն ասաց, որ եթե նախկինում ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 650-ի սահմաններում էր լինում, այսօր այդ թիվը 500-ից էլ պակաս է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest