2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: 

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 31 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 10-ը՝ առողջական խնդիրների, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,  6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ ավտովթարի,  1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման1-ը՝ ականի պայթյունի։

Նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվան դեպքերի թիվն ավելի է 1-ով (2019 թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր մահվան 30 դեպք): 

2020 թ. մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել:  Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող

Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է  պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից:

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

2019 և 2020 թթ. 1-ին կիսամյակներում արձանագրված  մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020թ ինքնասպանության դեպքերն  ավելացել են 4-ով, 5-ով՝ դժբախտ պատահարի և 2-ով՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը:

Դիտարկելով 2019թ կիսամյակում ինքնասպանության (4) և սպանության (3) հետևանքով զինծառայողների մահացության դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ նշված 2 պատճառով դեպքերը կազմում են մահացության դեպքերի ընդհանուր թվի գրեթե 1/4-րդը: Իսկ 2020 թ1-ին կիսամյակում ինքնասպանության (8) և սպանության (2) հետևանքով մահացության դեպքերը կազմում են մահվան դեպքերի 1/3-րդը:

Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է,  որ  զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակական բնույթը փաստում է այն մասին, որ այդ դեպքերով  կա՛մ պատշաճ ծառայողական քննություն չի տարվում, կա՛մ  դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման,  վերացման կամ  լուծման ուղղությամբ  քայլերը հեռու են արդյունավետ լինելուց:

Նշենք, որ 2020 թ. 1-ին կիսամյակի և՛ ինքնասպանության, և՛ սպանության դեպքերն արձանագրվել են ապրիլ — մայիս ամիսներին՝ 2-ական դեպքեր:

Հիշեցնենք՝  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «2020 թ. առաջին եռամսյակում  ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» տեղեկանքում անդրադարձել էր 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին ինքնասպանության դեպքերի կտրուկ աճին, որը հանրային  դժգոհության ալիք առաջացրեց: Նշել էինք նաև, որ դեպքերը համընկել էին Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ: Հանրային դժգոհություններից հետո՝ մարտին,  ինքնասպանության դեպքեր չգրանցվեցին:  Չնայած դրան՝ հարկ է նշել, որ այդպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք ՀՀ և ԱՀ/ԼՂ պաշտպանության նախարարությունները կամ համապատասխան քննչական մարմինները ձեռնարկել են համապատասխան քայլեր՝ այդ և, ընդհանրապես, բոլոր դեպքերի պատճառներն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, թե՝ ոչ, քանի որ, ելնելով կիսամյակային տվյալներից, ապրիլից դարձյալ արձանագրվեցին մահվան դեպքեր՝ ոչ միայն ինքնասպանության, այլև սպանության հետևանքով:

2020 թ. ավելացել են դժբախտ պատահարների հետևանք մահվան դեպքերը: 2019 թ.-ի 1-ին կիսամյակում դժբախտ պատահարի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, 2020 թ.-ի 1-ին կիսամյակում՝ 6-ը ( դեպքերի ընդհանուր թվի 19 %-ը ):

Մասնավորապես՝ 2020 թ. 1-ին կիսամյակում ձնահյուսի  հետևանքով 3 պայմանագրային զինծառայող մահացել են՝ դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, երբ, ըստ news.am-ի տվյալների, նրանց ոտքերի տակ ձյան շերտը բացվել է, ու ընկելով՝ նրանք տևական ժամանակ մնացել են ձյան հաստ շերտի տակ: Եվս 1 դեպքում զինծառայողը մահացել է՝ ձորն ընկնելու հետևանքով: Թեև 2 դեպքն էլ պաշտոնապես համարվել է զինծառայության հետ կապված, այդուհանդերձ հայտնի չէ՝ ինչպես է պատահել, որ զինծառայողը, լինելով ծառայության մեջ, ընկել է ձորը: Կազմակերպության հարցմանն ի պատասխան էլ Դատախազությունը տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Եվս 2 դժբախտ պատահարի հետևանքով դեպքերից 1-ն արձանագրվել է մեկ այլ անձի վարած մեքենայի հրդեհվելու արդյունքում, որտեղ զինծառայողը գտնվել է որպես ուղևոր և չի կարողացել դուրս գալ մեքենայից: Դեպքը Դատախազությունը համարել է զինվորական ծառայության հետ կապ չունեցող: Մյուս դեպքում, որը Դատախազության կողմից համարվել է կրկին զինծառայության հետ կապ չունեցող, զինծառայողը դեպքի պահին գտնվել է ազատ հերթափոխում: Դեպքն արձանագրվել է տրակտորի շրջվելու հետևանքով: 

Դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի աճը ենթադրելու առիթ է տալիս, որ կա՛մ զինծառայողները չեն պահպանում ծառայության անվտանգության կանոնները, կա՛մ այդ մասին նրանք պատշաճ չեն հրահանգավորվում: 

Ծառայության անվտանգության կանոնների պահպանման համատեքստում հարկ է նշել, որ 2020թ 1-ին կիսամյակում տեղի է ունեցել մահվան 1 դեպք՝ ականի պայթյունի հետևանքով: Ընդ որում՝ մահացողը սպա է, ինչն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով սպայական  անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զինծառայության կազմակերպման գործում նրանց կողմից անվտանգության բոլոր կանոնների պահպանման պարտավորությունը:

2020թ 1-ին կիսամյակում առողջական  խնդիրների հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահվան 10 դեպք, ինչը մահացության ընդհանուր թվի մոտ 1/3-րդն է: 2 դեպք պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինծառայության հետ կապված, 8-ը՝ չկապված: Զինծառայության հետ կապված են համարվել 2 պարտադիր ժամկետային զինծառայողների,  չկապված՝ 4 պայմանագրային  զինծառայողների, 3 սպաների և 1 ենթասպայի մահվան դեպքերը:

Ելնելով այս վիճակագրությունից՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը ևս մտահոգիչ են, անգամ եթե դրանք պաշտոնապես համարվում են ծառայության հետ կապ չունեցող: 

Այս համատեքստում հարցականի տակ է դրվում՝ արդյոք պատշաճ կերպով իրականացվում են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողության բոլոր միջոցառումները, թե՝ ոչ: Վիճակագրական տվյալներից կարելի է ենթադրել, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ  զննությունը պատշաճ չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել առողջական խնդրով մահացության դեպքերը:

2020 թ.-ի 1-ին կիսամյակում էականորեն նվազել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը. 3 դեպք՝ ի տարբերություն 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի՝ 12-ի:

Ավտովթարի հետևանք մահվան 3 դեպքերից 2-ն արձանագրվել են զինծառայողների սեփական/քաղաքացիական մեքենաներով վթարի ենթարկվելու արդյունքում, 1-ում զինծառայողը գտնվել է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մեքենայում:

2019 թ․ համեմատ  2020թ, թեև, նվազել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, այնուամենայնիվ 1-ին կիսամյակում տեխնիկական պատճառներով արձանագրված մահվան դեպքերը կազմում են մահացության ընդհանուր թվի գրեթե 10 %-ը:

Ամփոփելով՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի գերակշիռ մասը՝ 97 %-ը, տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում. մասնավորապես՝ 32 %-ը՝ առողջական խնդիրների, 26 %-ը՝ ինքնասպանության, 19 %-ը՝ դժբախտ պատահարի, 10 %-ը՝ ավտովթարի, 7 %-ը՝ սպանության, 3 %-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերի թիվը կազմում է մահվան դեպքերի ընդհանուր թվի միայն 3 %-ը ( մահվան 1 դեպք )։

Նշենք նաև, որ 2020թ  դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվար, փետրվար և հունիս ամիսներին՝ համապատասխանաբար 6, 7 և 10 դեպք, մարտ և մայիս ամիսներին գրանցվել է 3-ական դեպք, ապրիլին՝ 2 դեպք: 

Մահացած 31 զինծառայողներից 14-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 9 պարտադիր ժամկետային, 7ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ 

2019թ մահացած  30  զինծառայողներից  8 պարտադիր ժամկետային  զինծառայողներ էին, 13-ը՝ պայմանագրային ժամկետային4-ըսպա, 3-ը՝ ենթասպա, 2 դեպքում զինծառայության տեսակը դեռ ճշտված չէ։

Դիտարկելով մահվան դեպքերն՝ ըստ պատճառի և մահացածների ծառայության տեսակի՝ նկատելի է, որ ժամկետային զինծառայողների շրջանում մահացության պատճառներն են՝ ինքնասպանությունը (4), առողջական խնդիրները (2), սպանությունը (2), ավտովթարը (1): 

Պայմանագրային զինծառայողների մահացության պատճառների թվում են՝ դժբախտ պատահարները (5), առողջական խնդիրները (4),  ինքնասպանությունը (3), ավտովթարը  (1), հրադադարի ռեժիմի խախտումը (1):

Սպաների մահվան պատճառներից են՝ առողջական խնդիրները (3), ինքնասպանությունը (1), ավտովթարը (1), դժբախտ պատահարը (1), ականի պայթյունը (1): 1 ենթասպայի մահվան պատճառ է դարձել առողջական խնդիրը:

Կարող ենք արձանագրել, որ 2020թ 1-ին կիսամյակում ինքնասպանության, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով մահվան դեպքեր արձանագրվել են թե՛ պարտադիր ժամկետային, թե՛ ժամկետային պայմանագրային զինծառայողների, և թե՛ սպաների շրջանում: 

Ինչ վերաբերում է զինծառայության հետ կապված և չկապված դասակարգումներին, ապա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության՝ ՀՔԱՎ գրասենյակին տրամադրած տեղեկության համաձայն՝ զինծառայության հետ կապված են համարվել մահվան 31 դեպքից 17 -ը,  չկապված՝ 14-ըՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ գրասենյակին տրամադրել է տեղեկություններ միայն այն 18 զինծառայողների մահվան դեպքերի մասին, որոնց առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում իրականացվում է մինչդատական վարույթ: Ուշագրավ է, որ ՀՀ ՔԿ-ի տվյալներն այն մասին, որ 18 զինծառայողներից 17-ի մահվան դեպքերը համարվել են զինծառայության հետ կապված, 1-ը՝ ոչ, համընկնում է ՀՀ գլխավոր դատախազության տվյալներին:

Հարկ է նշել, որ թեև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2020թ 1-ին և 2-րդ եռամսյակներում ՀՀ ՔԿ-ին հասցեագրված տեղեկատվության հարցմամբ պահանջվել էր տեղեկություն թե՛ զինծառայության հետ կապված, թե՛ չկապված մահվան դեպքերի մասին, այնուամենայնիվ, 1-ին եռամսյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՔԿ-ը տրամադրել է տվյալներ միայն ծառայության հետ կապված մահվան դեպքերի վերաբերյալ, իսկ 2020 թ.-ի 2-րդ եռամսյակի նույնաբովանդակ հարցմանը, ծառայության հետ կապված մահացության դեպքերից բացի, ՀՀ ՔԿ-ը տրամադրել է մանրամասներ ծառայության հետ կապ չունեցող միայն 1 զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ:

Տեղեկատվության հարցումների ժամկետների առումով հիշարժան է 2020թ հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ ՊՆ-ին ուղղված գրությունը, որի պատասխանը չի ստացվել օրենքով սահմանված ժամկետում: Գրությունն ուղարկելուց անցել է գրեթե 1 ամիս, այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով տեղեկատվության հարցումներին պատասխանելու համար սահմանված է 5-օրյա ժամկետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019թ ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ հղում տալով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետին: 

2019թ 1-ին կիսամյակի համեմատ՝ 2020թ նույն ժամանակահատվածում ԱՀ/ԼՂ-ում նվազել է թե՛ հրադադարի ռեժիմի խախտումների (1335-ով), թե՛ կրակոցների թիվը (17050-ով):

Նշենք, որ այս տվյալները ներառում են միայն ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: 2020թ 1-ին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրված մահվան դեպքը գրանցվել է ՀՀ տարածքում:

Կարևոր ենք համարում նշել, որ թեև 2020 թ․ 1-ին կիսամյակում ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, 2020 թ․ հուլիսի 12-ից  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրվեց իրավիճակի կտրուկ սրացում, ինչը հանգեցրեց նյութական ու մարդկային կորուստների՝ 2 երկրների զինված ուժերում:

Ընդհանուր առմամբ սահմանային խիստ լարված իրավիճակը տևել է 4 օր՝ հուլիսի 12- 16-ը, որին հաջորդել են ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակի կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները՝ սահմանին հարաբերական անդորրի պահպանման վերաբերյալ:

2020 թ․ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արձանագրված դիվերսիոն ներթափանցումների փորձերին, արձակված կրակոցներին, կիրառված զինատեսակներին և մահացության դեպքերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կանդրադառնա 2020 թ․ հոկտեմբերի տեղեկանքում:

Տեղեկանքը ներառում է նաև 2020 թ․ 1-ին եռամսյակում զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերը: Ըստ առկա՝ պաշտոնապես և ԶԼՄ-ներով տարածված տվյալների՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 31 դեպքերից 18-ի փաստով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով 18  գործերից 17-ը գտնվում է նախաքննության փուլում, 1 դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Մահվան 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է և դրանք ՀՀ գլխավոր դատախազության կողմից համարվել են զինծառայության հետ կապ չունեցող: 1 դեպքով, որը ևս գլխավոր դատախազությունը համարել է զինծառայության հետ չկապված, նյութեր են նախապատրաստվում:  դեպքով քրեական գործերի հարուցման մասին հայտնի չէ: 

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ

Pin It on Pinterest