48-ամյա Գոհար Ավետիսյանն արդեն երեք տարի է միայնակ է մեծացնում իր 22 տարեկան աղջկան․ 2017 թվականին ամուսնու՝ Արմենի մոտ սուր լեյկոզ է ախտորոշվում, ինչն էլ շատ կարճ ժամանակում նրան մահվան է հասցնում։ Գոհարը, սակայն, վստահ է՝ ամուսինը մահացավ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկների անփութության հետևանքով։

Ախտորոշում են՝ Բեյկերի կիստա, հայտնաբերվում է՝ սուր լեյկոզ

Որևէ ցավից երբեևէ չգանգատվող 47-ամյա Արմեն Առուստամյանը երեք տարի առաջ նոյեմբերի 21-ին աշխատանքը կիսատ է թողնում և փսխումով տուն գալիս։ 4 օր անց Արմենի ոտքի շրջանում մեծ այտուց է առաջանում․

«Համարյա ամբողջ ոտքն արտուցվել էր, ցավն էնքան մեծ էր, որ անգամ քայլել չէր կարողանում։ Այդ վիճակը մոտ երկու օր է տևում, սակայն էական բարելավում չի լինում։ Որոշում ենք դիմել այդ չարաբաստիկ «Աստղիկ» ԲԿ-ն․․․Աստված իմ, երանի չդիմեինք»,- Forrights-ի հետ զրույցում տարիներ անց չսպիացող վերքի մասին է պատմում Գոհարը։

Կնոջ խոսքով, բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում, մատնացույց անելով սենյակներից մեկը, իրենց խորհուրդ են տալիս դիմել անոթային վիրաբույժ Բաբայանին։ Դռան հետևում իրենց է դիմավորում շիկահեր, կապուտաչյա աղջիկ «Բաբայանը», ով հետո պետք է պարզվեր, որ ամենևին էլ վերոնշյալ բժիշկը չէր, այլ նրա օրդինանտ Սիրանուշ Միրզոյանը։

Ոտքի արտուցը հետազոտելով, Միրզոյանն ախտորոշում է Բեյկերի կիստա (հոդի այն ախտաբանական վիճակի հետևանքը, որը բերում է ներհոդային հեղուկի քանակի ավելացման)։ Նշանակվում է դրա բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները, ինչից հետո ընտանիքը վերադառնում է և տան պայմաններում սկսում բուժման գործընթացը։ Արմենի վիճակը կտրում վատանում է գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 20-ին, երբ սանհանգույցում ուշաթափվում և ընկնում է։ Զարկերակային ճնշումը հավասարվում է 60/50-ի․

«Չեմ էլ հիշում, թե ինչպես ու ինչ արագությամբ Շտապ օգնության մեքենան մեզ տեղափոխեց «Աստղիկ», տեղում շնչառական ապարատ միացրին։ Երբ Արմենին դյուպլեքս արեցին, իր լյարդն արդեն մեծացած էր։ Արյան հետազոտության պատասխանն ինձ կաթվածահար արեց․ կանչեցին ասեցին՝ արյան քաղցկեղ ա հայտնաբերվել՝ լեյկոզ։ Շոկի մեջ էի։ Նյարդայնացած ասացի՝ բայց իր մոտ կիստա էր, մենք համարյա մեկ ամիս ա կիստայի դեմ ենք բուժվում ձեզ մոտ։ Ասեցին՝ չգիտենք, բայց Արմենը մեր հիվանդը չի, իրեն շտապ պետք ա տեղափոխել․․․Ինձ թվաց՝ հեսա կխելագարվեմ»։

Արմենին այդ օրը երեկոյան տեղափոխում են Արյունաբանական կենտրոն, որտեղ միանգամից անհրաժեշտ հետազոտություններ են իրականացնում։ Ռեանիմատոլոգ Ժաննա Դավիդովան ընտանիքին հայտնում է, որ ժամանակը շատ թանկ է, շատ են ուշացրել, քանի որ Արմենի մոտ սուր լեյկոզ է և անգամ մեկ րոպեն կարող է շատ թանկ լինել․

«Մե՞նք ենք ուշացրել, թե ինչ-որ բժշկական կենտրոն մեր գլխին խաղ ա խաղացել, որը մի երիտասարդի կյանք ա արժեցել։ Փաստորեն, իր բուն հիվանդությունը բարձիթող վիճակում ա մնացել, իսկ նշանակված դեղերից պրոգրեսիայի ա ենթարկվել ու արագացել լեյկոզի տարածումը»։

Այդ ծանր վիճակում Գոհարն ամուսնուն միայն հաջորդն օրն առավոտյան է կարողանում տեսնել։  Արմենը բավականին թույլ է լինում՝ շնչառական սարքերով միացված։ Ժամեր անց երկրորդ անգամ են թույլատրում տեսակցություն, քանի որ «Արմենին կարճ կյանք էր մնացել»․

«Արդեն աչքերը գրեթե փակ էր, շնչառական ապարատը բերանից էր միացված, ձեռք տվեցի, համարյա սառն էր։ Երևի ավելի ծանր տեսարան աչքիս առաջ չկա․․․դուրս եկա ու ուղղակի խնդրեցի փրկել ամուսնուս կյանքը։ Սակայն․․․երեկոյան 20։20 Արմենս մահացավ։ Ինքը հեռացավ, այդպես էլ չիմանալով իր հիվանդության մասին»։

«Ասում էին՝ եթե խնդիրդ ֆինանսական ա, տանք, ասեցի՝ ես իմ ամուսնու արյունը չեմ վաճառում»

Ամուսնու մահից Գոհարը «խելքի չի գալիս» մոտ 40 օր։  Միայն փետրվարի 9-ին է կրկին ոտք դնում «Աստղիկ» ԲԿ՝ պահանջելով ամուսնու բժշկական գրքույկը։ Նախապես ոչինչ չասելով հիվանդության և մահվան մասին, Գոհարն ուսումնասիրում է այն․

«Առաջին էջում գրված էր ուղղակի, որ կիստա է, իսկ դեղորայքային բուժման մասին ընդհանրապես ոչ մի բան չկար։ Ասեցին, որ անկետան ինձ տալ չեն կարող։ Էդ փաստն ինձ վրդովեցրեց։ Հորաքույրս կողքից միջամտեց՝ ո՞նց չեք տալիս, էդ մարդն Արյունաբանականում լեյկոզով պառկած ա։ Լեյկոզի անունը հենց լսեցին, ձեռքիցս միանգամից խլեցին անկետան ու տարան բաժանմունքի վարիչ Նարինե Գառնիկովնայի մոտ։

Մի քանի րոպեից դուրս եկան, թե բա՝ անկետան տալ չենք կարող, միայն քաղվածքը, որտեղ ամեն ինչ արդեն հասցրել էին փոխել։ Քաղվածքում գրել էին Բեյկերի կիստա, վարիկոզ, երակների լայնացում ու էդ ամենը՝ հարցականով։ Դեղորայքային բուժման մասին ոչ մի բան, այդ տողում՝ գծիկներ էին։ Հաջորդ էջում նշված էր, իբր մեզ առաջարկել են դյուպլեքս և արյան հետազոտություններ, որոնցից մենք հրաժարվել ենք, պատճառաբանելով՝ այլ հիվանդանոցում կանցկացնենք։ Եթե մենք մեր ոտքով եկել ենք «Աստղիկ», էլ ինչո՞ւ պետք ա առաջարկածից հրաժարվեինք։ Ուղղակի ցանկանում էին ամեն ձև կոծկել իրենց արածը»։

Առուստամյան ընտանիքն այս մասին դիմում-բողոք է ուղարկում Առողջապահության նախարարություն, որն այն հետադարձում է «Աստղիկ» ԲԿ։ Հիվանդանոցից միանգամից զանգահարում են Գոհարին և խնդրում իրենց մոտ գալ։

«Ասում էին՝ եթե խնդիրդ ֆինանսական ա, տանք, ասեցի՝ ես իմ ամուսնու արյունը չեմ վաճառում։ Հետո, թե բա՝ ես անոթային վիրաբույժի հետ խոսել եմ, էդ տղան ասել ա՝ դեղատոմսի միջինն իմ ձեռագիրը չի։ Ես զարմացա՝ ի՞նչ տղա, իմ ամուսնուն տղա չի հետազոտել, շիկահեր աղջիկ ա եղել։ Ինքն էլ զարմացավ, բանից պարզվեց բժիշկ Բաբայանը չի անցկացրել որևէ հետազոտություն, այլ ինչ-որ օրդինանտ՝ Միրզոյան ազգանունով։ Զանգեցին էդ աղջկան, իբր գա ու իրա արածի համար պատասխան տա։ Ասեցին՝ հաջորդ օրը տնօրենի հետ նիստ կանենք, քեզ էլ կկանչենք, կպարզաբանենք»,- դեպքերն է վերհիշում Գոհարը։

Հեռախոսազանգ չի լինում ոչ հաջորդ, ոչ էլ որևիցե մի օր։ Այս հանգամանքը վերջնականապես հունից հանում է տուժող կողմին։ Նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում Գլխավոր դատախազություն։ Հարուցվում է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ Հոդվածով նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։ Տուժող կողմի իրավահաջորդ է ճանաչվում Կինը՝ Գոհարը։

«Ես մնացի մենակ, երեխաս՝ անհայր․․․»

Forrights-ը կապ հաստատեց Պոլիկլինիկայի ծառայության ղեկավար Նարինե Իգիթյանի հետ, ով բավականին կտրուկ ձևով ընդհատեց մեր հարցը, հայտարարելով, որ հիմա «դրա ժամանակը չունի»։

«Աստղիկ» ԲԿ-ի մամուլի ծառայությունը մեզ փոխանցեց, որ պատշաճ բուժօգնություն տուժող կողմին տրամադրվել է, ախտորոշվել է սուր լեյկոզ և ուղղորդել Արյունաբանական ինստիտուտ․

«Մենք չենք կարող ասել, թե ինչու է Առուստամյանի կինը նման բաներ ասում, բայց փաստն այն է, որ մեր կենտրոնը չի թերացել։ Նրանց առաջարկվել է մի շարք հետազոտություններ անցնել, որոնցից հրաժարվել են։ Երևի ցանկանում են իրենց ցավը մի փոքր մեղմացել, այդ պատճառով են մեղավորներ փնտրում»,- Forrights-ին ասաց մամուլի խոսնակ Լուսինե Պետրոսյանը։

Քրեական գործն այս պահին նախաքննության փուլում է․ «Դեռևս դատաբժշկական փորձաքննության փուլում ենք դոփում։ Ես հասկանում եմ, որ փորձաքննությունը ծավալուն աշխատանք է, բայց դա չի կարող տևել երկու տարուց ավելի։ Անվերջանալի ձգձգումներ են»,- Forrights-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց տուժող կողմի փաստաբանը և հավելեց, որ այս պահին պատրաստվում են հայցադիմում ներկայացնել՝ վնասի փոխհատուցման պահանջով։

Գոհար Ավետիսյանն այս պահին միայն մի բան է ցանկանում՝ մեղավորներն օրենքի ողջ ուժով պատասխանատվության ենթարկվեն։ Նա կոչ է անում բոլորին զգոնություն պահպանել և իրենց նման դյուրահավատ չլինել․

«Ես պահանջում եմ, որ իմ ամուսնու մահվան գործը պատշաճ քննվի ու բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հիմա ո՞վ ա պատասխան տալու մեր ընտանիքի համար․ես մնացի մենակ, երեխաս՝ անհայր․․․»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest