2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց քննել ապօրինի որդեգրումների քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը, էլի մի քանի անձ: Վարությը վերաբերում էր 2016-2018 թվականներին իրականացրած գործարքներին:

Քննությանը զուգահեռ խոսակցություններ էին տարածվում այն մասին, որ արտասահմանցի «կլիենտները» Հայաստանից երեխաներ են գնում, մեծ գումարներ վճարելով, մութ շշուկներ, որ երեխաների առուծախի գումարներից փայ է հասել պետական չինովնիկներին, բժիշկներին, մանկատների, սոցապ նախարարության, այլ գերատեսչությունների աշխատակիցներին: Որպես կեղտոտ գործարքի փայատեր նշվում էին նաև երեխաների մայրիկները: Մայրիկներից մեկը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իրեն հիվանդանոցում հայտնել են՝ երեխադ մահացած է, ու տվել են 1 մլն դրամ։

Այն ժամանակ նա մտածել է, որ այդ գումարը տալիս են որպես պետական վճար երեխան կորցրած մորը։ Այս կինը, ի թիվս այլ մայրերի, «Ռազմիկ Աբրահամյան և մյուսները» գործով տուժող էր ճանաչվել:

Եւ ահա հուլիսի 14-ին Քննչական կոմիտեն նոր քրեական գործի մասին հաղորդեց, որը հարուցվել է 114 երեխայի վաճառքի, փողերի լվացման, հանցավոր համագործակցություն ստեղծել-ղեկավարել-մասնակցելու, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում հոդվածներով:

Այս անգամ խոսքը ոչ միայն Իտալիա, այլև եվրոպական այլ երկրներ 2005-2019 թթ վաճառված երեխաների մասին է: «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք փաստաթղթեր կեղծելով նպաստել են ապօրինի որդեգրման գործընթացի անխոչընդոտ իրականացմանը», — ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Նշվում են ՀՀ կառավարությունը, սոցապ և արդարադատության նախարարությունները, ՏԻՄ մարմինները, այլ կառույցներ՝ հիվանդանոց, մանկատուն:

Ապօրինի որդեգրումների վերաբերյալ բոլոր գործերը միավորվել են մեկ վարույթում: Ըստ քննչական կոմիտեի, Հայաստանում գործել է որդեգրմամբ զբաղվող արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչ, որը «ստացել է 1 մլն 290 հազար եվրո՝ որպես անհրաժեշտ ծախսեր, եւ տարբեր անձանց բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430 հազար եվրո, իսկ ավելի քան 402 հազար եվրո գումար կանխիկացրել է, որի գերակշիռ մասում նշված է եղել՝ անձնական կարիքների համար»:

Թե քանի մարդ է մասնակցել, քանի նոր մեղադրյալ է անցնում 114 երեխայի վաճառքի գործով, ՔԿ-ն չի հայտնում: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցերին պատասխանելով տեղեկացրեց. «Քրեական գործով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում նաեւ՝ արտերկրյա իրավապահ մարմինների հետ կոմունիկացիայի, քննչական հարցումներ ներկայացնելու եղանակներով՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու, իրականացված որդեգրումների օրինականության, այդ մեխանիզմներով արտերկրում գտնվող մեր երեխաների դրությունը, առողջական վիճակը պարզելու ուղղությամբ»։

Տուժած կանանցից մի քանիսի փաստաբան Սուսաննա Սարգսյանին Forrights.am-ը հարցրեց, թե արդյո՞ք այս 114 երեխաների թվում կան իր վստահորդների երեխաները:

«Մենք այս պահին չենք կարող պատասխանել այդ հարցին, գործի նյութերին ծանոթ չենք: Մենք տեղեկություններ էինք տրամադրել, ունենք ծնողներ, ովքեր հրաժարվել են իրենց երեխայից: Մարդկանց սոցիալական վիճակից, միայնակ լինելու, ամուսնալուծված լինելու հանգամանքներից, միայնության պահը օգտագործելով, ստիպել են, որ իրենց երեխաներից հրաժարվեն, իսկ հետագայում, որ փորձել են իրենց երեխային հետ վերցնել, կանանց վախացրել են, թե քրեական գործ կհարուցեն, որովհետև նրանք արդեն երեխայից հրաժարվել են: Այսպիսի դիմում մենք ունենք, սակայն կինն այդ չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի»:

Ըստ Սուսաննա Սարգսյանի, նրա վստահորդը վերջերս «Վայբեր» կապի միջոցով հաղորդակցվել էր ծննդատան աշխատողների հետ և իմացել է, որ իր երեխային տարել են մանկատուն, իսկ այնտեղից որդեգրել են: «Այսինքն, մարդիկ այնքան իրենցն են համարել այդ գործընթացը, որ անգիր հիշում են, երբ է երեխան ծնվել, ինչքան է պահվել հիվանդանոցում, որքան ժամանակ անց է որդեգրվել: Այսինքն, սա իրենց համար անձնական հետաքրքրություն ներկայացնող հարց է եղել, որ առանց փաստաթղթեր բացելու, մինչ օրս հիշում են այդ նորածիններին», — նշում է փաստաբանը:

ՔԿ հաղորդագրության մեջ ասված է, որ երեխաների մայրերին «մոլորության մեջ են գցել»: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ են ասել նրանց: Ըստ Սուսաննա Սարգսյանի, ծնողներին ներկայացրել են, որ երեխան ծանր հիվանդություն ունի, մի քանի օր հազիվ ապրի, որ այստեղ հնարավոր չի բուժումներ իրականացնել:

«Այնպես են ուրճացրել վիճակը, որ հենց ընտանիքի անդամներն էլ համոզել են մայրիկին, որ երեխայից հրաժարվի ու հետագայում, երբ ծնողը գնացել է մանկատուն, իր երեխայով ուզել է հետաքրքրվել, տեսնել, ինչ է իր երեխայի վիճակը, պարզել է, որ նա այնտեղ չի, որ նրան որդեգրել են, որ նա չունի այն հիվանդությունները, որոնք որ ունեցել է», — պարզաբանում է փաստաբանը:

Այսօր կանայք, որոնք ԱԱԾ կողմից քննվող գործով ցուցմունքներ են տվել, ծանր հոգեվիճակում են: 35-ամյա Ս. Պ-ն վկայություն է տվել, որ ծննդատանը իր վրա ճնշում են գործադրել, սպառնալով, թե երեխայի հորը կհանձնեն ոստիկանություն՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, և նա վախից ստորագրել է երեխայից հրաժարվելու մասին դիմումը: 3 օր անց նա վերադարձել է, սակայն երեխային այլևս չի գտել: Իր աղջկան՝ Ստելլային, նա մինչ օրս փնտրում է:

Ապօրինի որեգրումների գործով տուժող ճանաչված մայրերը տարիներ շարունակ սթրես են ապրել, և այսօր հիմնականում ծանր հոգեվիճակում են:

Նրանցից մեկը պահանջել էր, որ իր երեխայի մարմնի արտաշիրիմում կատարեն, և ԴՆԹ հետազոտություն անցկացնեն, որպեսզի ինքը համոզվի, որ իր հենց իր երեխան է գետնի տակ: Արտաշիրիմումը կատարվեց, ոսկռի և արյան նմուշը ցույց տվեց, որ իր երեխան է, սակայն ծնողը չի հավատում ու արտերկրում նոր փորձաքննություն է կատարելու:

Կանանցից մեկն էլ երկար տարիներ վստահ է եղել, որ իր երեխան մահացած է, իսկ հիմա կասկածներ ունի, որ երեխային ապօրինի որդեգրման են տարել։ Քննիչները ծնողին ցույց են տվել երեխայի դիակի լուսանկարը՝ կոշիկի տուփի մեջ դրված։ Լուսանկարը վերցված է եղել դատաբժշկական փորձաքննությանը կցված լուսանկարչական հավելվածից։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest