«Հայաստանի զինված ուժերը, տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ հարցերով եթե մեկնաբանենք, ինքնաբավ են և կարող են կատարել իրենց խնդիրները», — Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հայ-ռուսական զորախմբի գործառույթների մասին հարցին:

«Հայ-ռուսական զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, թատերաբեմը, ուղղությունը, և ՀԱՊԿ-ը լինի, թե առանձին զորախմբի կիրառման հարցը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ հարցերով եթե մեկնաբանենք, ինքնաբավ են և կարող են կատարել իրենց խնդիրները: Նման անհրաժեշտություն չկա», — ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարություններին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց.

«Ինձ հարց էին տալիս կապված թուրքական ռազմաօդային տրանսպորտի Բաքու ժամանելու հետ կապված: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նորություն չէ, գիտենք Թուրքիայի հայտարարությունները՝ Ադրբեջանին աջակցելու մասով ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական իմաստով, երևի ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաև դրա համար է ժամանել Բաքու: Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն է ռազմական առումով՝ հոխորտացող հռետորաբանությամբ, և եթե այս ընթացքում այդ կարիքը կա տրանսպորտով ինչ-որ բան փոխադրելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հարավային և արևմտյան շրջաններում զորավարժություններին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

«Ես չեմ կարող մեկնաբանել դրանց քաղաքական և մնացած իրադարձությունների հետ կապը, կարող եմ միայն ասել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորապես՝ 102-րդ ռազմաբազայի հետ ունեն նաև այդ շրջանակում այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում»:

«Մասնավորապես 102 ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում ՀՀ զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ ուժեր, մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային հրետանային, մոտոհրաձգային և այլն», — հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest