ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և շուտով դատարան կուղարկի նախնական պայմանավորվածությամբ հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի քրեական գործը: Այս տեղեկացրել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործով մեղադրանքը: Ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալ Գրինը, որը 2019 թվականին գործը վերադարձրել էր` հանձնարարելով քննչական կոմիտեին քույրերի գործողությունները վերաորակավորել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Ակնհայտ է, որ այս ընթացքում նրա դիրքորոշման մեջ ինչ-որ բան փոխվել է: Հիմա սպասում ենք, որ գործը դատարան գնա և նախնական դատական նիստեր նշանակվեն»,-պատմել է իրավապաշտպանը:

Նրա խոսքով` գործը Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեին վերադարձնելուց հետո «ի օգուտ քննության դիրքորոշման ոչ մի էական բան չի փոխվել, ճիշտ հակառակը»:

Կրտսեր Խաչատուրյան քրոջ պաշտպան Յարոսլավ Պակուլինը տեղեկացրել է, որ ավագ քույրերի գործը լսվելու է Մոսկվայի քաղաքային դատարանում, իսկ իր պաշտպանյալինը` Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանում:

Իրավապահ մարմիններում եղած աղբյուրը ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել էր, որ եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը և քույրերի գործը ուղարկի դատարան, ապա դատական լսումները կանցկացվեն ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով, քանի որ մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացնելու այն մասին, որ գործի նյութերում բազմիցս հիշատակվում է հոր կողմից դուստրերին ծաղրելու և բռնության ենթարկելու մանրամասները:

Հիշեցնենք, որ Անգելինա, Կրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է իրագործել դուստրերի նկատմամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest