Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Kommersant-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար: Այդուհանդերձ, քննությունը հաստատել է աղջիկների հանդեպ հոր կողմից դրսևորված ծաղրուծանակի փաստերը:

Փաստաբանների կարծիքով՝ սա աղջիկներին հնարավորություն կտա ապացուցել, որ գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

«Նախաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքների ճշմարտացիությունը: ՌԴ ՔԿ աշխատակիցները պաշտոնապես Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են ներկայացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դրա տեքստից պարզ է դառնում, որ քննիչները պարզել են աղջիկների նկատմամբ բարոյական և սեռական բռնությունը, իսկ քրեական գործի հարուցումը մերժելը սպասելի էր՝ կապված կասկածյալի մահվան հետ»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը  հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։  Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Pin It on Pinterest